Բաքվում շարունակվել է հայ ռազմագերիների դեմ դատավարությունը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ գործերով մեղադրական եզրակացություններից է մեջբերումներ հրապարակել:
Մասնավորապես Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրված բազմահատոր գործերից նոր դրվագների մասին են հաղորդվում։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Վարդանյանին նաև մեղադրում է ռազմատեխնիկայի արտադրության համատեղ ընկերություն ստեղծելու շուրջ Ռուսաստանի Դաշնությունում գործող АКВА ընկերության պաշտոնյաների հետ բանակցելու համար, և որ Վարդանյանը բացի այդ, իբրեւ թե «ցանկացել է նաև դրոնների արտադրության գործարան կառուցել»։
Ադրբեջանի իշխանությունները Վարդանյանին մեղադրում են նաև արտասահմանում ադրբեջանցի դիվանագետների «սպանություններ նախապատրաստելու մտադրություններ ունենալու» մեջ։
Արցախի նախկին պետնախարարի և մյուս հայ պաշտոնյաների դեմ դատավարությունն ընթանում է փակ դռների հետևում՝ միջազգային կառույցների, անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների բացակայության պայմաններում:
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: