Մատչելիության հղումներ

«ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը քննարկելի հարց է ու ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում». Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը, 21-ը մարտի, 2025թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը, 21-ը մարտի, 2025թ․

«ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը քննարկելի և օրակարգային հարց է, և մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը»․ - Հայաստանի վարչապետը մտադիր է առաջիկայում Արցախյան հարցի կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գործընթաց սկսել:

Ե՞րբ է սկսելու՝ հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց առա՞ջ, թե՞ հետո: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետը ժամկետներ չնշեց, հիմնավորում էր, թե այլևս ակտուալ չէ այդ կառույցը: «Արցախը Հայաստան է և վերջ» խոսքերի հեղինակ Փաշինյանը համարում է, որ Ղարաբաղյան կոնֆիկտը Ադրբեջանի տարածքում էր, հիմա չկա, ու հետևաբար Մինսկի խումբն էլ անելիք չունի․ - «Մինսկի խմբի համանախագահությունը, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ առանց սրբագրումների կամ առանց շպարի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը նրա մասին է, որ Ադրբեջանի տարածքում կա կոնֆլիկտային իրավիճակ, և մենք ասում ենք՝ քանի որ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել, մենք պատրաստ ենք արձանագրել, որ, և արձանագրում ենք, որ էդ կոնֆլիկտային իրավիճակը չկա»։

Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի պահանջն է: Անգամ խաղաղության համաձայնագրի տեքստին Հայաստանի համաձայնությունից հետո պայման է դրել՝ կստորագրի, եթե Հայաստանը կատարի երկու պահանջը՝ Մինսկի խումբը լուծարի և փոխի Սահմանադրությունը, որը Բաքվի գնահատմամբ տարածքային նկրտումներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ «սա բացառապես էլի Ադրբեջանին ձեռնտու օրակարգ է, որի բավարարման մասին, ըստ էության, Փաշինյանը հայտարարում է ոչ առաջին անգամ»:

Վարդանյանի կարծիքով, Մինսկի խմբի լուծարման գործընթացն սկսելով՝ Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջը՝ փակում արցախցիների Արցախ վերադառնալու էջը, ինչն այդ խմբի գոյության դեպքում ամեն պահի, ըստ պատգամավորի, հնարավոր է բացել ու օրակարգ բերել հարցը:

«Առնվազն այս փուլում կա արցախահայերի անվտանգ, հավաքական սեփական հայրենիք վերադառնալու հարց, խնդիր, որը կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հենց ձևաչափում էլ կարող է քննարկվել։ Մինչդեռ լուծարումը հենց կոնֆլիկտը ամբողջությամբ փակելու, կոնֆլիկտը այլևս երբեք չանդրադառնալու Ադրբեջանի միտման արտահայտություններից մեկն է», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Սահմանադրության փոփոխությունը Փաշինյանը ներկայացնում է որպես Հայաստանի ներքին օրակարգ, որ սկսվել է 2018 թվականից: Նոր Սահմանադրության հանրաքվեն իշխող ուժը նախատեսում է 2027-ին, իսկ երեկ վարչապետը խոսեց նաև թիմակիցների կարծիքների մասին, որ առաջարկում են հանրաքվեն 2026-ի խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ անցկացնել:

«Եվ ես ուզում եմ ընդգծել, որ սա բացառապես, բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է նաև խոստովանել, որ չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն», - ասաց Փաշինյանը։

Վարչապետն այդպես էլ չբացատրեց՝ ինչ է նշանակում տարածաշրջանային ազդեցություն ձևակերպումը, արդյոք նկատի ունի, որ նոր Սահմանադրությունում չի լինելու Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին հիշատակում ունեցող Անկախության հռչակագրին հղումը, ինչը Բաքվի հետևողական պահանջն է: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2018-ից խոսում էր սահմանադրական բարեփոխումների մասին, իսկ ամբողջությամբ փոխելու ու նորն ունենալու մասին հայտարարեց անցած տարվանից:

«Միակ ճանապարհը Ադրբեջանի պահանջները կատարելու՝ դա լրիվ նոր Սահմանադրություն ունենալն է։ Սա խաղաղության գործընթաց չէ, որ հիմա ընթանում է, և խաղաղության բանակցություններ չեն, մենք գործ ունենք միակողմանի զիջումների պարտադրման, ուժի սպառնալիքով զիջումների պարտադրման գործընթացի հետ», - պնդում է Քրիստինե Վարդանյանը։

«Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում՝ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ մեզ համար, չկա», - հարցազրույցում վստահեցրեց վարչապետը։

Խաղաղության պայմանագրի կետերից երկուսը անցած տարվանից քննարկվում էին։ Բաքվի վերջին խմբագրումը ստանալուց հետո Երևանն ի վերջո համաձայնեց միմյանց դեմ հայցերը միջազգային ատյաններից հետ քաշելու ու սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու Բաքվի պահանջներին: Փաշինյանին զարմացնում են ընդդիմադիրների պնդումները, թե խաղաղության պայմանագրի տեքստը Հայաստանի միակողմանի զիջումների մասին է: Եթե զիջումների ու միակողմանի պարտավորությունների մասին չէ, ինչո՞ւ չի հրապարակում փաստաթուղթը:

«Էդ թուղթը ունի երկու տեր՝ էդ տերերից մեկը Հայաստանի կառավարությունն է, տերերից մյուսը Ադրբեջանի կառավարությունն է, և էստեղ առնվազն էս հարթությունը կա։ Եվ եթե ենթադրենք, որ կան ուժեր, ում պատրվակներ են պետք, որպեսզի էդ թուղթը չստորագրվի, էդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին ինչ-որ մի կշիռ ավելացնել։ Բայց իրականում մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք, որ ստորագրենք, որովհետև հենց որ ստորագրեցինք, այն կհանրայնացվի։ Եվ պատկերացրեք՝ ինչ աստիճանի մտավախություն չունենք էդ առումով, որ մեր պատրաստակամությունն ենք հայտնում ստորագրել և հրապարակել», - հայտարարեց Փաշինյանը։

Ի՞նչ երաշխիք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էլ Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա, առավել ևս, որ այս համաձայնությանը զուգահեռ՝ շարունակում է մեղադրել, թե Հայաստանը կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ, ինչը Երևանը կտրականապես հերքում է։ Փաշինյանը կարծում է, որ էսկալացիայի հիմք չկա, քանի որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու հաջորդ քայլը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։

Ընդդիմադիրների պնդումները, թե այդ տեքստը ոչ թե խաղաղության, այլ՝ կապիտուլյացիայի մասին է, վարչապետի կարծիքով, սին են։

Թող հրապարակի, ու հանրությունը համոզվի՝ սի՞ն են, թե՞ ճշմարիտ, պահանջում է ընդդիմադիր պատգամավորը։

Արդյոք Ադրբեջանը մտադիր է ստորագրել այդ համաձայնեցված փաստաթուղթը, Փաշինյանը Ադրբեջանի փոխարեն հարցին չպատասխանեց, կրկնեց՝ իր օրակարգը խաղաղությունն է:

Ավելի կոնկրետ հարցն պատասխանել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով բրազիլական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է՝ նախապայմանները շարունակվում են, այն, ինչ լսում են Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, թե Բաքվում պատրաստ են ստորագրել:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG