Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, հայտարարել էԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:
«Հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները: Բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները», - պնդել է Բայրամովը։
Պաշտոնական Երևանն առայժ չի արձագանքել այս հայտարարությանը: Երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի Բաքվի վերջին խմբագրմանը: Չբացառեց անգամ համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը:
Նախագծի երկու չհամաձայնեցված հոդվածները վերաբերում էին միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն ու հայ - ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն: Թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցերի շուրջ, առայժմ պարզ չէ:
Բաքվից այլ պահանջներ էլ են թվարկում
Մինչ այդ, ադրբեջանցի բարձրաստիճանները Սահմանադրությունից բացի այսօր այլ պահանջներ էլ են թվարկել։
«Հայաստանում գտնվող ու Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարած անձինք նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն, Հայաստանի հանցագործությունները չեն մոռացվի», - այսօր հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Անդրադառնալով փակ դռների հետևում, առանց միջազգային դիտորդների ընթացող հայ գերիների դատավարություններին՝ Ալիևի օգնականն անընդունելի է որակել նրանց «գերի ու պատանդ անվանելը»՝ դեռ դատավարությունների փուլում գտնվող հայերին արդեն իսկ մեղավոր ճանաչելով:
«Բաքվում դատավարություն է ընթանում մարդկության դեմ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, Հայաստանը այսօր անիմաստ քարոզչական արշավ է իրականացնում այս դատավարության դեմ։ Անձինք, որոնց դատում են, պատասխանատվություն են կրում օրենքի առաջ», - նշել է Հաջիևը:
Ալիևը բողոքել է Հայաստանի զինվելուց, ԵՄ դիտորդներին անվանել լրտեսներ
Բաքվում ընթացող Գլոբալ ֆորումի ժամանակ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել է Հայաստանի զինվելուց, ԵՄ դիտորդներին անվանել լրտեսներ:
«Նրանք գիշեր-ցերեկ կանգնած են մեր սահմաններին, ինչպես լրտեսներ, փնտրում են հարմար անցքեր, որպեսզի կարողանան հասնեն մեզ: Մենք ունենք նաև բավարար հետախուզական տվյալներ նման ընտրովի դիտորդական առաքելության վերաբերյալ», - ասել է Ալիևը:
Եվրամիության անզեն առաքելությունը կտրականապես հերքում է նման մեղադրանքները։ Բայց նրանց հեռացմանը հարցը Ադրբեջանը ընդհուպ խաղաղության պայմանագրի նախագիծ է մտցրել:
Ադրբեջանի նախագահն այսօր նաև ասել է, թե խաղաղության պայմանագրի նախագծի հեղինակն, ըստ էության, Բաքուն է. - «Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում: Դրա համար էր Ադրբեջանը հանդես գալիս որպես խաղաղության գործընթացի նախաձեռնողը, ու, ըստ էության, Ադրբեջանն էր խաղաղության պայմանագրի նախագծի հեղինակը, որի շուրջ քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»։