«Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար, որպեսզի շարունակվի խաղաղության պայմանագրի ստորագրումը», - այսօր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ հարակից կառույցների լուծարումը, որոնք, նրա խոսքով, այլևս ակտուալ չեն։
Բայրամովն ու Լամին քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր, տարածաշրջանային ներկա իրավիճակը։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։
Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։
Բաքուն, մասնավորապես, պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ: Այսօր Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշեց, որ ընդհակառակը, Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի՛ Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։
«Բայց նաև կարծում ենք, որ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը», - ասել է ԱԳՆ խոսնակը։
Իսկ Մինսկի խմբի լուծարմանը Երևանը դեմ չէ, բայց միայն պայմանագրի ստորագրումից հետո։