Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը երեկվանից գրեթե նույն բովանդակությամբ երեք հայտարարություն տարածել, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրն ու առաջարկել է Իլհամ Ալևին խորհրդակցություններ սկսել դրա շուրջ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասաց, թե Երևանը խաղաղության օրակարգն է առաջ մղում:
Փաշինյանի հայտարարությունները հաջորդում են Ադրբեջանից օրեր շարունակ հնչող մեղադրանքներին, թե հայկական կողմը թիրախավորում է ադրբեջանական դիրքերը։ Երևանը կտրականապես հերքում է Բաքվի այս պնդումները։
«Հրապարակային շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, քանի որ տեքստն այլևս համաձայնեցված է, մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման համար օրակարգն առաջ ենք մղում», - նշեց Գրիգորյանը:
Խաղաղության պայմանագիրը ստորագրելու պատրաստակամության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր վերջին գրառումն այսօր առավոտյան է արել։ Դարձյալ հայտարարել է՝ նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ», - նշել է վարչապետը։
Նախորդ գրառման մեջ էլ Փաշինյանը շեշտել էր, որ Պաշտպանության նախարարությանը հստակ հանձնարարել է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ 5 օրվա ընթացքում Բաքուն 11 հաղորդագրություն է տարածել՝ հայկական կողմին մեղադրելով իր դիրքերին կրակելու համար:
«Ադրբեջանը փորձում է էսկալացիաներ կամ ապակայունացում նախաձեռնել»
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Բաքուն տեղեկատվական ֆոն է ստեղծում հնարավոր էսկալացիայի համար կամ փորձում է սպառնալ էսկալացիայի վտանգով, որ զիջումներ կորզի։
«Եթե հիշենք նախկինում գոյություն ունեցած նմանատիպ բոլոր իրավիճակները, Հայաստանի վարչապետն այդ փուլում բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում: Այսինքն՝ մենք հիշում ենք նախկինում թվիթերյան նման գրառումներ, և այս վերջին օրերին ակտիվությունը ևս երևի դրան է ուղղված: Եթե անդրադարձ ենք կատարում այդ գրառումների բովանդակությանը, ապա այստեղ, իհարկե, կարծես թե հիմնական հասցեատերն Ադրբեջանը չէ», - նշեց Գրիգորյանը:
Ըստ քաղաքագետի՝ վարչապետի հայտարարությունների հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն է։
«Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, որ Հայաստանը կառուցողական կողմ է, պատրաստ է գնալ խաղաղության ճանապարհով, պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը, իսկ այ Ադրբեջանը գիտակցաբար սրում է իրավիճակն ու փորձում է էսկալացիաներ կամ ապակայունացում նախաձեռնել», - ասաց Տիգրան Գրիգորյանը:
Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասաց՝ Երևանը նաև պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման օրվա, ժամի և մնացած հարցերը հստակեցնելու մասով։ Պաշտոնյան նաև վստահեցրեց նաև, որ երբ այդ հարցերի պատասխանը լինի, կհրապարակվի նաև պայմանագրի տեքստը։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցումը։ Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր ասաց, թե պայմանագիրը հրապարակելու հապաղման մեջ խնդիր չի տեսնում։
«Ավելի շատ դիվանագիտական մոտեցում է հարցին», -ընդգծեց Գրիգորյանը:
Չնայած Երևանի՝ պայմանագիրը ստորագրելու պատրաստակամությանը, Բաքուն շարունակում է նախապայմաններ դնել՝ նախքան ստորագրումը հայկական կողմից պահանջում է փոխել Սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: