Մատչելիության հղումներ

Փաշինյանն առաջարկում է Ալիևին խորհրդակցություններ սկսել համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ


Կազան, 24-ը հոկտեմբերի, 2024թ․
Կազան, 24-ը հոկտեմբերի, 2024թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Երևանի և Բաքվի միջև խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։

Հերքելով հրադադարը խախտելու բոլոր պնդումները՝ պաշտոնական Երևանը նախօրեին էլ հայտարարեց՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։

Ավելի ուշ Բաքուն կրկին պնդեց՝ «չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար, որպեսզի շարունակվի խաղաղության պայմանագրի ստորագրումը»։

Բաքուն, մասնավորապես, պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ: Իսկ Մինսկի խմբի լուծարմանը Երևանը դեմ չէ, բայց միայն պայմանագրի ստորագրումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG