Մատչելիության հղումներ

Հայաստանի իրավասու կառույցների ղեկավարները վստահեցնում են՝ Ադրբեջանի հարձակման հավանականություն այս պահին չկա


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ

Մինչ Բաքուն վեցերորդ օրն է՝ Երևանին մեղադրում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար, Հայաստանի իրավասու կառույցների ղեկավարներն ըստ էության հայտարարում են՝ հարձակման հավանականություն այս պահին չկա:

Լրագրողները հարցն առաջինը ուղղեցին խորհրդարան եկած պաշտպանության նախարարին, Սուրեն Պապիկյանը նախ պնդեց, թե ադրբեջանական զինուժի տեղաշարժ չկա, ապա որոշակի զգուշավորությամբ խոսեց Բաքվի հնարավոր հարձակումից։

«Որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ», - ասաց Պապիկյանը։

Արդյոք պաշտպանության նախարարի այս հայտարարությունը նշանակում է, որ սահմանին իրավիճակը գնահատելու համար ռազմական գերատեսչությունը չունի հետախուզական տվյալներ, պարզ չէ: Նախարարը թեև խոստացել էր պաշտպանության հանձնաժողովի նիստից հետո խոսել լրագրողների հետ, բայց երկու-երեք հարցի կարճ արձագանքելուց հետո հեռացավ:

Սուրեն Պապիկյանն ուղիղ չպատասխանեց նաև մեկ այլ հարցի՝ գիշերը ադրբեջանական կողմը կրակե՞լ է Սոթքի ուղղությամբ: Այսօր ողջ օրը համացանցում այդպիսի տեղեկություններ կային:

«Տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, Պաշտպանության նախարարությունը չի հաստատում», - ասաց նախարարը՝ հավելելով․ - «Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես Պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ և բացատրություններ»։

Ու թեև Սուրեն Պապիկյանը հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին, բայց ռազմական գերատեսչությունն էլ տարածած հաղորդագրության մեջ կոնկրետ Սոթքի հատվածում կրակոցներից ոչինչ չհայտնեց:

Տարբեր են մարզից ստացվող տեղեկությունները, բնակիչներից մեկն, օրինակ, չցանկացավ ներկայանալ, բայց հաստատեց՝ կրակոցի ձայներ լսել են: Գյուղից երկու այլ բնակիչ էլ հակառակն էին նշում․

«Ճիշտն ասաց տենց չեմ լսել ես, ուշադիր չեմ եղել, ճիշտը որ ասեմ, էլի; Էս գիշերվա՞ մասին ա խոսքը։ Չէ, չեմ լսել ես, չենք լսել, ճիշտն ասած, տենց խոսակցություն չկա, էլի, որ լսենք ․․․ »։

«Թե եղել էլ ա, չենք լսել, ճիշտը որ ասեմ; Սոթքում եմ ապրում, բայց նման բան չեմ լսել, չգիտեմ ․․․»։

Որ Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնացող վտանգներ կան, չթաքցրեց Արտաքին հետախուզական ծառայության պետը: Քրիստիննե Գրիգորյանը երկրները չբացահայտեց, բայց շեշտեց՝ դրանք մի քանիսն են: Վարչապետին ենթակա կառույցի ղեկավարն ասաց՝ Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին այժմ փաստեր չկան։

«Հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ազդակների և փաստերի համախումբը այս պահին բացակայում է», - ասաց Գրիգորյանը։

Հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց հետո Երևանն ու Բաքուն դրա ստորագրման վերաբերյալ տրամագծորեն հակառակ հայտարարություններով են հանդես գալիս: Հայաստանից ամենաբարձր մակարդակով առաջարկում են օր առաջ ստորագրել փաստաթուղթը, Ադրբեջանից պահանջում են մինչ այդ փոխել Սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այսօր էլ այդ երկրի արտգործնախարարությունը կրկնեց պահանջները։

Իշխող թիմի անդամ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շեշտեց՝ իշխանությունն ամեն ինչ անելու է իրավիճակը կայուն պահելու համար: Իսկ թե ինչ նպատակով է Բաքուն վերջին օրերին անընդհատ կրակոցների մասին մեղադրանքներ հնչեցնում, ՔՊ-ական նախարարը դժվարացավ ասել:

«Խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար և խաղաղություն կառուցելու համար հարկավոր է երկկողմանի ջանք և ներդրում այս իմաստով։ Հետևաբար՝ ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը հայտարարում է և պատրաստ է այն փաստաթուղթը ստորագրել, որի մասին մենք խոսում ենք, այդ իմաստով, ես կարծում եմ, որ որևէ խնդիր չի լինի», - հայտարարեց Հայրապետյանը։

Բաքվից այսօր դարձյալ խոսել են Հայաստան ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին: Հայկական կողմը վստահեցնում է, որ այս հարցը խաղաղության պայմանագրում ներառված չէ:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG