«Ինչ ուզել ա՝ տվել են», - հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
Խորհրդարանական ընդդիմությունը խաղաղության համաձայնագրի շուրջ ավարտված բանակցությունները որակում է «կապիտուլյացիա» և «ադրբեջանական պահանջների կատարում»:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունն այսօր տարածած հայտարարության մեջ տեղի ունեցած գործընթացը որակել է «միակողմանի հակապետական զիջողականություն» և «կրկնակի կապիտուլյացիա»:
«Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը», - ասված է Հանրապետականի հայտարարության մեջ:
Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ընդգծում է՝ ձեռք բերված փաստաթուղթը կապիտուլյացիա է այն պատճառով, որ բանակցություններում բոլոր զիջումները կատարել է միմիայն Հայաստանը, և դա արվել է բոլորի աչքի առաջ: Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում չկար Սահմանադրության հարցը, բայց Բաքուն այն օրակարգ բերեց, չկար սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի դուրսբերման դրույթը, բայց Բաքվի պահանջով Փաշինյանը դրան էլ համաձայնեց, ինչպես որ համաձայնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանն ու միջազգային հայցերից հրաժարվելուն:
«Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարելի էր համարել առաջին կապիտուլյացիան, ապա սա կրկնակապիտուլյացիա է, քանի որ էստեղ Հայաստանի Հանրապետության շահը բացարձակապես ներկայացված չի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մամիջանյանը։
Անընդունելի համարելով ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով, ինչպես նաև առանց միջազգային միջնորդների ու անվտանգության միջազգային երաշխիքների փաստաթղթի շուրջ համաձայնությունը, Հանրապետականը պահանջում է անհապաղ հրապարակել պայմանագրի վերջնական տեքստը, միաժամանակ պնդելով․ - «Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ և լեգիտիմություն հայ ժողովրդի անունից նման պայմանագիր ստորագրելու համար»:
Հայկ Մամիջանյանը պարզաբանում է՝ Փաշինյանը 2021-ին իշխանության է եկել Հադրութն ու Շուշին դեօկուպացնելու, իսկ Ղարաբաղի հարցը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա կարգավորելու խոստմամբ։
«Եթե ինքը 21 թվականի ընտրություններին ասեր, որ հանձնելու է Արցախը, ճանաչելու է Ադրբեջանի կազմում, տեղի է ունենալու էթնիկ զտում, ցեղասպանական գործողություն, քանի՞ մարդ էր իրան ձայն տալու», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի արձագանքել հայ - ադրբեջանական համաձայնությանը: Սակայն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը միակողմանի զիջում է որակում Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունը:
«Ադրբեջանը ինչ պարտադրել է՝ այս իշխանությունները համաձայնեցրել են, և հիմա այս իշխանությունները շանտաժի են ենթարկում Հայաստանի Հանրապետության ժողովրդին և համայն հայությանը, որ եթե հանկարծ մենք Ադրբեջանի պահանջներին չենթարկվեինք, պատերազմ կլիներ», - ասաց Խաչատրյանը։
Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները նաև անթույլատրելի են համարում «Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխությունը»: Ինչպես Հանրապետականն է իր հայտարարության մեջ զգուշացրել՝ այն հարցականի տակ է դնելու Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունն ու գոյությունը:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ, երբ միակողմանիորեն հայտարարեց խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների ավարտի մասին, հատուկ ընդգծել էր՝ հաջորդ փուլում «Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները»:
Դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր հակադարձեց՝ ամեն ինչ պետք է անել, որ Բաքվի պահանջով Սահմանադրությունը չփոխվի:
«Ադրբեջանցիները հայտարարել են, որ ստորագրման նախապայման է ադրբեջանական պահանջով Սահմանադրության փոփոխությունը, և ամեն ինչ պետք է արվի, որ էդ թուղթը, որի նախագիծը միգուցե Բաքվում է գրվել և ուղարկվե էստեղ, չանցնի», - հայտարարեց Խաչատրյանը։
«Գերեզմանում էլ է խաղաղություն»
Ընդդիմադիր պատգամավորներն այսօր խորհրդարանում արտգործանախարարի հետ բանավիճելիս նշում էին՝ իրենք էլ են ուզում խաղաղություն, համաձայն են Արարատ Միրզոյանի այն դիտարկմանը, որ խաղաղությունը Հայաստանի գոյության միակ ձևն է, խնդիրը, սակայն, այն է, որ Հայաստանի իշխանության առաջարկած խաղաղությունը, իրենց համոզմամբ, խաղաղություն չի բերելու: Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն այն համեմատեց գերեզմանային խաղաղության հետ:
«Ո՞վ է դեմ խաղաղության։ Է գերեզմանում էլ է խաղաղություն, հետո՞, գերեզմանային խաղաղությո՞ւն։ Հիմա Արցախում խաղաղություն է, հա՞։ Մենք այ էդ խաղաղությանն ենք դեմ, մենք կողմ ենք արժանապատիվ խաղաղության», - հայտարարեց Մինասյանը։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ավարտված բանակցություններին: Սակայն նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ «այսպես կոչված համաձայեցված տեքստը որևէ արժեք չի կարող ունենալ, քանի դեռ այն չի ստորագրվում հակառակորդի կողմից»։
«Սա նշանակում է, որ հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանը համաձայնվել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի բոլոր պահանջներին: Ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխության պահանջը ընդամենը օգտագործվում է Ադրբեջանի կողմից որպես պատրվակ Հայաստանի հետ խաղաղության չգնալու համար», - պնդում է Զուրաբյանը։
Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժի փոխնախագահի գնահատմամբ՝ «այս չակերտավոր համաձայնությունը խաղաղության ճանապահին իբրև առաջընթաց ներկայացնելը Հայաստանի իշխանության հերթական խաբեությունն է»: