Մատչելիության հղումներ

Երևանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծը


Հայաստանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ
Հայաստանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Բաքվից մի քանի օր շարունակվող կրակոցների մեղադրանքների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայտարարություն արեց՝ նախ՝ որ պատրաստ է իր ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ներքո, ապա շեշտելով, որ պայմանագիրը պատրաստ է ստորագրման, Պաշտպանության նախարարությանը իր հանձնարարականը բացահայտեց՝ չխախտել հրադադարի ռեժիմը. - «Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»:

Նախքան այս գրառումները, մինչդեռ, Բաքվից կրկնել էին ստորագրման իրենց պայմանները՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:

«Չնայած տեքստի շուրջ ավարտված բանակցություններին, դրա ստորագրման համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունը փոխել՝ վերացնելու համար Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»․ - Ադրբեջանի արտգործնախարարն այս հայտարարությունն արել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի պետական քարտուղարի հետ հեռախոսազրույցում:

Հայաստանցի պաշտոնյաները և՛ պնդում են, թե Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ, և՛ հայտարարում՝ նոր Սահմանադրության նախագիծ են պատրաստում, որը չպետք է վտանգի խաղաղության պայմանագիրը։

Նախապայմաններին զուգահեռ, չորրորդ օրն է՝ Բաքուն շարունակում է հրադադարը խախտելու մեղադրանքները, Երևանը հերքում է, պնդում՝ Ադրբեջանը չի փոխանցել հայկական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել», - Հայաստանի ռազմական գերատեսչությունն առավոտյան կրկին հերքեց Բաքվի հայտարարությունը, թե երեկ ուշ երեկոյան՝ 22։20-ից մինչև գիշերը ժամը 01։40 հայկական զինուժը կրակ է բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Վարդենիսի, Վերին Շորժայի հատվածներից իր դիրքերը թիրախավորելու մասին:

Արձագանքելով ադրբեջանական մեղադրանքներին՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում նաև ԱԳՆ խոսնակն է փաստերի բացակայությունից խոսել, եթե փոխանցվեն, ասել էր ՊՆ-ը, հայկական կողմը պատրաստ է դրանք հետաքննել:

Անի Բադալյանը կոչ է արել Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի և ժամկետների մասին։

«Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ ՀՀ բանակը Կառավարությանը ենթակա մարմին է և գործում է հենց այս տրամաբանությամբ», - հայտարարել է ԱԳՆ խոսնակը։

Զինվելու, սահմանամերձ հատվածներում հարվածային սպառազինություններ տեղակայելու մեղադրանքներին էլ Բադալյանն այսպես է արձագանքել՝ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ դա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է․ - «Սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ»։

«Մենք առաջին անգամ չի, որ արձանագրում ենք նման դեստրուկտիվ գործելաոճ», - Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը կրակոցների մասին Բաքվի հայտարարությունները տեղեկատվական սադրանք է որակում․ - «Առաջինը՝ հենց մեր երկրի ներսում կայունությունը խաթարելու, որպեսզի բոլորս տենց ահ ու սարսափի մեջ ապրենք, մոտավորապես։ Եվ երկրորդը՝ ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար մի քիչ անսպասելի էր արագ համաձայնեցումը խաղաղության պայմանագրի, և նրանք նաև խնդիր են տեսնում այդ անսպասելիությունից դուրս գալու, ինչու ոչ՝ նաև միգուցե իրանց քաղաքական գինը թանկացնելու, տարբեր դերակատարների մոտ ցույց տալու համար, որ «տեսեք, Հայաստանը դեստրուկտիվ է, մենք էլ, տենց, զոհի դերում ենք, մեզ պետք ա դուք ավելի շատ աջակցեք», և այլն»։

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն Ադրբեջանի պահվածքն ապակառուցողական է համարում, բայց Հայաստանի վարքագիծը, կարծում է, պետք է նույնը մնա․ - «Պաշտպանության նախարարությունը միշտ՝ անկախ՝ կլինեն նման հայտարարություններ, չեն լինի նման հայտարարություններ, պետք ա ուշիուշով հետևի մեր սահմանների անվտանգային վիճակին և ցանկացած դեպքում պատրաստ լինի արձագանքելու։ Բայց մենք մեր կողմից երբեք որևէ ռազմական գործողություն չենք սկսելու մեր հարևանների հետ, որովհետև մենք ճանաչում ենք բոլոր մեր հարևանների տարածքային ամբողջականությունը»։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է՝ վերջին օրերի հայտարարություններով Բաքուն հասկացնում է՝ չի պատրաստվում Երևանի հետ փաստաթուղթ ստորագրել:

«Թուղթ է, որտեղ արձանագրված են բոլոր ադրբեջանական պահանջները, և որևէ դրույթ չկա, որը կարելի է ցույց տալ և ասել՝ այ սա Հայաստանի Հանրապետության շահերից է բխում։ Բայց նույնիսկ էս տիպի փաստաթուղթ ստանալուց հետո Ադրբեջանն ասում է՝ «միգուցե ստորագրեմ, եթե դու փոխես քո Սահմանադրությունը, Մինսկի խմբի ֆորմատը չեղարկես», դրանից հետո գալու են անհավանական այլ պահանջներ։ Բայց էս կարճաժամկետ կտրվածքում էլ տեղեկատվական էս ֆոնն են ստեղծում, որ մի հատ էլ «Հայաստանը սկսել է կրակել, չենք էլ ստորագրելու էդ պայմանագիրը», - ընդգծեց Գրիգորյանը։

Կրակոցների մասին հայտարարությունները հնչեցին խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը համաձայնեցնելու վերաբերյալ կողմերի հայտարարություններից բառացիորեն երեք օր անց: Ի դեպ, ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները երեկ առավոտյան տեղեկացրին, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը կալանավորել է ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժի մասին TikTok-ում տեսանյութ տարածած տղամարդուն: Ըստ հաղորդումների՝ ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժի կադրերը փետրվարի 27-ին է նկարահանել:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG