Մատչելիության հղումներ

«Ցավոք կան նախապայմաններ». Միրզոյանը ԱԺ-ում մանրամասներ ներկայացրեց Բաքվի հետ համաձայնությունից


Խաղաղության համաձայնագրի տեքստի ամբողջական համաձայնեցմանը զուգահեռ Հայաստանի արտգործնախարարն այսօր ցավով արձանագրեց՝ Ադրբեջանը հավելյալ նախապայմաններ է ներկայացնում:

Փաստաթղթի տեքստի շուրջ աշխատանքի ավարտի մասին երեկ հաղորդեց Բաքուն, ժամեր անց հաստատեց նաև Երևանը՝ առաջարկելով քննարկել ստորագրման տեղն ու ժամկետը: Պաշտոնական Բաքուն միանգամից շեշտեց՝ այդ փուլին հասնելու համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունն ու լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Արդյոք սա փակուղի՞ է, ինչպե՞ս սրան արձագանքելու Երևանը:

«Մեզ պետք է շարունակել երկխոսությունը, հանդես գալ փաստարկներով, ընդհանրապես բանացկությունները եթե մի քիչ ավելի պարզունակ ներկայացնենք, պարզ է՝ տարբեր շերտեր կան, տարբեր նյուանսներ, տարբեր տոնայնություն, բայց պետք է շարունակենք աշխատել», - պարզաբանեց Միրզոյանը:

Բաքվի պնդմամբ՝ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղումն Անկախության հռչակագրի տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Միրզոյանն այսօր նշեց՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո վերջնականապես արձանագրվել, որ Բաքվի նկատմամբ տարածքային նկրտումներ մայր Սահմանադրությունը չի պարունակում: Սա նշանակո՞ւմ է, որ նախաբանից Անկախության հռչակագիրը չի հանվի, արտգործնախարարը պնդեց, թե սահմանադրական փոփոխությունների քննարկումներից տեղյակ չէ:

Ադրբեջանի մյուս պահանջը Մինսկի խմբի լուծարումն է, սրան Երևանը համաձայնել է, բայց խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո:

«Կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով արդեն փաստաթղթավորված, եթե կարելի է ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին ու այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա: Մինչ այս պահը, ցավոք, մենք տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեր համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում», - ընդգծեց Միրզոյանը:

«Երբ խաղաղությունը հաստատված է, ԵՄ մեր գործընկերների հետ պետք է քննարկենք՝ ինչպիսի փոփոխություն մտցնել մանդատում»

Հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթուղթը համաձայնեցվեց, երբ Երևանը ընդունեց չհամաձայնեցված երկու կետերի շուրջ Ադրբեջանի առաջարկները: Դրանցից մեկը՝ վերաբերում է միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելուն, մյուսը՝ սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն: Եթե վարչապետ Փաշինյանը երեկ նշում էր, թե ԵՄ դիտորդների մասին փաստաթղթում խոսք չկա, նախարար Միրզոյանն այս կետին անդրադարձավ հենց դիտորդների օրինակով:

«Երբ որ պայմանագիրը կստորագրվի, կվավերացվի, կմտնի ուժի մեջ, նշանակում է, որ խաղաղություն է հաստատված, իրենց գործառույթը նպաստելն էր խաղաղությանը, հիմա եթե մտավ ուժի մեջ, խաղաղությունը հաստատված է, հետևաբար մենք Եվրամիության մեր գործընկերների հետ երևի պետք է քննարկում ունենանք էն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել», - հայտարարեց ԱԳ նախարարը:

Համաձայնեցված մյուս՝ միջազգային հայցերը հետ կանչելու կետի շուրջ ինչ քննարկումներ են ծավալվել կողմերի միջև, հայտնի չէ, Միրզոյանն այսօր միայն նշեց՝ Բաքվի հետ համաձայնել են եղած հայցերը հետ կանչել, իսկ հետագայում էլ միմյանց դեմ չներկայացնել հայցեր այն խնդիրների վերաբերյալ, որոնք գոյություն են ունեցել մինչև համաձայնագրի ստորագրումը: Միրզոյանը ինչպե՞ս է վերաբերում փաստին, որ սրան զուգահետ Բաքուն խոսում է անցած 30 տարիների համար կրած նյութական վնասների փոխհատուցումից:

«Իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը և խաղաղ կարգավորումը, հարաբերությունների հաստատումը: Միանշանակ ոչ միայն չեմ կիսում, այլև եթե պետք լինի, կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ իրենց կողմից ոտնահարվել են թե՛ մարդու իրավունքները, թե՛ նյութական վնաս...», - արձագանքեց Արարատ Միրզոյանը:

Ու թեև փաստաթղթի համաձայնեցմանը զուգահետ Երևանն ու Բաքուն շարունակում են խոսել վստահության մթնոլորտի բացակայության, ոչ կառուցողական լինելու մասին բյուջեի կատարողականի քննարկման համար խորհրդարան եկած արտգործնախարարը շուրջ 5 ժամ ընդդիմադիր պատգամավորներին փորձում էր համոզել, որ հենց այդ փաստաթուղթը Հայաստանը դուրս կբերի խորը ճահճից:

«Հայաստան» խմբակցության պատգամավորների և Միրզոյանի հարցուպատասխանն առանց մեղադրանքների չանցավ

Ընդդիմադիրների գնահատականին, որ Հայաստանը բանակցային գործընթացում բավարարել է Բաքվի բոլոր պահանջները, Միրզոյանն արձագանքում էր պատասխան մեղադրանքներով, թե ընդդիմությունը պատերազմի խոսույթով է հանդես գալիս:

«Էդպես ներկայացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որ Ադրբեջանը պահանջում է, Հայաստանի իշխանություններն էլ կատարում են այդ պահանջները, կարծում եմ, գուցե ձեզ, որևէ ուժի կարճաժամկետ քաղաքական դիվիդենտ է բերում, բայց ես խորապես համոզված եմ, որ դա վատ ծառայություն է Հայաստանի Հանրապետության ժողովրդին», - հայտարարեց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Գրեթե ողջ քննարկմանն ընդդիմադիրները փորձում էին ստանալ մի հիմնական հարցի պատասխան՝ հայ-ադրբեջանական բանակցություններում կա՞ մի կետ, որ հայկական կողմն է առաջարկել, պնդել այն մինչև վերջ՝ հասնելով Բաքվի համաձայնությանը:

«Հիմնականը՝ երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, որոշակի կոնկրետ ըմբռնմամբ, երկու կողմերը պարտավորվում են ուժ չկիրառել», - արձագանքեց Միրզոյանը:

Ընդդիմությունից հիշեցրին՝ մինչ այժմ Բաքուն կոնկրետ տարածքով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել, ավելին՝ շարունակում է օկուպացված պահել հայկական շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք: Որ բազմաթիվ հարցեր մնում են չլուծված Միրզոյանը ընդունեց, բայց զուգահեռ շեշտեց՝ այլ տարբերակ քան ընտրված ճանապարհն է չկա:




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG