ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ փորձում էր Բաքվին համոզել համակերպվել տարածքների կորստի հետ և աջակցում էր Հայաստանին, պնդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը տևական ժամանակ պաշտոնական Երևանից պահանջում է լուծարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ կառույցը։ Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո անգամ Բաքուն պնդում է՝ փաստաթուղթը չի ստորագրի, քանի դեռ եռանախագահությունը չի լուծարվել:
«Երեքն էլ միավորվել էին մեկ նպատակի շուրջ։ Ընդ որում, այդ երկրների միջև ներկայիս հարաբերությունները ցույց են տալիս, որ դա հազվադեպ երևույթ է։ Այսինքն ինչ է սա նշանակում։ Երեքն էլ կանգնած էին Հայաստանի կողքին, երեքն էլ տարբեր ճանապարհներով աջակցում էին Հայաստանին՝ մեկը զենք էր տալիս, մյուսը՝ քաղաքական աջակցություն, երրորդը՝ տնտեսական առավելություններ», - երեկ հայտարարում էր Ալիևը։
Ադրբեջանի առաջնորդն այս մասին խոսում էր Բաքվի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում հաստատվող ադրբեջանցիների հետ հանդիպմանը։
Ալիևը, որը պնդում է, թե ինքն է առաջարկել Հայաստանին խաղաղություն կնքել, երեկ իր ելույթում հայերին կրկին որակեց թշնամի, մի քանի անգամ փառաբանեց Ղարաբաղյան պատերազմը և չթաքցնելով հպարտությունը պնդեց՝ Ադրբեջանից բացի որևէ այլ երկրի Համաշխարհային երկրորդ պատերազմից ի վեր չէր հաջողվել լիակատար հաղթանակի հասնել թշնամու նկատմամբ, հավելեց՝ չի էլ հաջողվի։
«Եթե մենք ուղղակի նայենք ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բախումներին, հակամարտություններին, պատերազմներին, եթե նայենք նորագույն պատմության պատերազմներին, ապա կարող եմ նույնիսկ ասել, որ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ոչ ոք չի հասել այնպիսի միանշանակ և լիակատար հաղթանակի, ինչպես Ադրբեջանը», - հայտարարեց նա։
Ալիևը վերստին հիշեց՝ այն մարդը, ով ժամանակին ասում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է», այսօր ասում է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», ակնհայտորեն նկատի ունենալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով նախ հայտարարել էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», ապա Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք ։
Երեկ Արցախի Մարտակերտի շրջանում Իլհամ Ալիևը նաև Բաքվի բանտերում պահվող արցախցի պաշտոնյաներին անդրադարձավ, որոնք այս օրերին ծանր մեղադրանքներով դատվում են փակ դռների ետևում։ Ասաց՝ նրանք «պատրաստվում էին տանկերով Բաքու հասնել և թեյ խմել»: Մինչ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու Եվրախորհրդարանը կոչ են անում նրանց անհապաղ ազատ արձակել, Ալիևը պնդեց՝ պետք է պատասխան տան․ - «Տանկերը ռազմավարի պուրակում են, իրենք էլ թեյ են խմում, բայց համապատասխան վայրում։ Պետք է պատասխան տան»։
Երեկվա իր ելույթի, դրան հաջորդած Ադրբեջանի քաղաքացիների հետ հարցուպատասխանի ընթացքում Ալիևը Հայաստանի հետ խաղաղության գործընթացից որևէ բառ չասաց, այն դեպքում, երբ Երևանը մեկ շաբաթ է՝ հայտարարում է, թե պատրաստ է ստորագրել բանակցված պայմանագիրը։
Ալիևը հայ - ադրբեջանական օրակարգին առհասարակ չանդրադարձավ, թեև Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը մինչ այդ օրեր շարունակ պնդում էր, թե հայկական զինուժը գնդակոծում է ադրբեջանական դիրքերը։ Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանի նախագահը երեկ կանգնած էր Բաքվի նշած թիրախներից ուղիղ գծով մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Երևանը կտրականապես հերքում է մեղադրանքները։