Մատչելիության հղումներ

Երևանը դեռևս դրական արձագանք չունի հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման առաջարկների առնչությամբ․ Միրզոյան


Բրազիլիա, 19-ը մարտի, 2025թ․
Բրազիլիա, 19-ը մարտի, 2025թ․

Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն, Բրազիլիայում, արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը շեշտել է՝ համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման և նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար:

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։

Միրզոյանը լիովին կեծ է որակել Բաքվի մեղադրանքները՝ շեշտելով՝ Հայաստանը դրանք կտրականապես մերժում է։

«Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի: Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը», - ասել է արտգործնախարարը։

Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, նրանցից 16-ի նկատմամբ այս պահին դատավարություններ են ընթանում՝ ծանրագույն, ընդհուպ ցմահ ազատզրկում նախատեսող մեղադրանքներով:

Անդրադառնալով սահմանազատման խնդիրներին՝ Միրզոյանն ասել է, որ 2024-ին զգալի առաջընթաց է գրանցվել նաև այս գործընթացում՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա հաջողությամբ սահմանազատվել և սահմանանշվել է ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ։

«Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք շատ կոնկրետ առաջարկներ, որոնք, եթե կյանքի կոչվեն, կարող են հնարավորություն տալ սկզբում երկաթուղու գործարկմանը, ապա նաև ստեղծել լայն հնարավորություններ հաղորդակցությունների ընդլայնման համար», - նշել է արտգործնախարարը՝ հիշեցնելով, որ կանխատեսելիության բարձրացման և փոխվստահության ձևավորման համար՝ Հայաստանը նաև հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով, սակայն նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից։

«Մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG