Մատչելիության հղումներ

ԶՊՄԿ աշխատակիցները 8 գործընկերների աշխատանքից հեռացվելուց հետո էլ շարունակում են գործադուլը


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 8 աշխատակիցների աշխատանքից հեռացվելուց հետո էլ գործադուլի մասնակիցներն աշխատանքի չեն վերադարձել։ Չնայած աշխատանքը վերսկսելու՝ ընկերության հորդորներին, գործադուլը շարունակվում է արդեն 9-րդ օրը:

«Չէ, ո՞վ վերադառնա, գործադուլ ա, ոչ մեկ չի ուզում: Ով էլ ուզում ա՝ թող գնա, հենա բաց ա սաղ, բայց չեն գնում ոչ մեկը: Մինչև վերջ պայքարենք, էլի», - «Ազատության» հետ զրույցում ասաց գործադուլավորներից մեկը, իրենց գործընկերներին աշխատանքից հեռացնելու մասին էլ ասաց. - «Պիտի նորից ընդունեն, վերականգնեն, խի՞ են հեռացրել, սաղիս մոտ հարց ա առաջացել: Անօրինական ձևով»:

«Ասենք, եթե մարդ բողոք ունի, ո՞նց արտահայտվի էդ բողոքը, ասեք, գանք Կառավարության շենքի դիմաց նստե՞նք, ո՞նց անենք, ասեք՝ անենք», - նշեց մյուսը:

Բողոքի ակցիաների ամենաակտիվ մասնակիցներին հեռացնելու մասին տեղեկացնելուց զատ, կոմբինատը երեկ նաև մյուսներին հորդորեց գործի գալ։ Աշխատանքը չկորցնելու երաշխիքն, ըստ ղեկավարության, հենց գործն անհապաղ վերսկսելն է։

Գործադուլի մասնակիցներն աշխատավարձի բարձրացում ու պայմանների բարելավում են պահանջում, երեկ արդեն ասում էին՝ պատրաստ են վերադառնալ աշխատանքի, եթե ղեկավարությունն իրենց գրավոր երաշխիք տա, որ գործադուլի համար չեն պատժվելու, իսկ պայմանների հարցով էլ երկխոսություն կսկսվի։ Պահանջը փաստորեն չկատարվեց, և ընկերությունը պատժիչ գործողությունների անցավ:

«Մենք պատրաստ ենք բոլորս երկխոսության, նաև կարանք փոխզիջումների էլ գնանք: Մենք չենք պահանջում հենց վաղը աշխատավարձները բարձրացնեն; Հիմա մեր մոտ ամենակարևոր առաջին պահանջը՝ որ էդ ում հեռացրել են աշխատանքից, աշխատանքի վերականգնում անեն էդ մարդկանց։ Որովհետև բոլորս մեզ առաջնորդ չունենք, ընդհանրապես: Ում էլ հեռացնեն, ինչ էլ անեն, մենք համախմբված ենք լինելու, ու մեզնից ինչ-որ մեկը իրա ձայնը բարձրացնելու ա», - հայտարարում են բողոքի ակցիայի մասնակիցները:

Երկրի ամենախոշոր հարկատուն փաստացի շարունակում է կանգնած մնալ, ըստ ընկերության՝ իրենք միլիոնավոր դոլարների վնասներ են կրում։

Կոմբինատից տեղեկացնում են՝ արտադրությունը չի վերսկսվում, ու հիմա պասիվ բանակցություններ են ընթանում, այլ մանրամասներ չհայտնելով։

Օրվա երկրորդ կեսին աշխատանքից ազատվածներից Շավարշ Մարգարյանը, որն ամենաակտիվներից է ու հաճախ է ելույթներ ունենում, գործադուլի համակարգող խորհրդի անունից նոր պահանջ ներկայացրեց՝ ղեկավար կազմի փոփոխություն, պնդելով, թե գործող տնօրինության հետ բանակցությունների գնալ չեն պատրաստվում:

«Մեր պահանջները ներկայացնելու ենք նոր տնօրինությանը, այս տնօրինության հետ մենք էլ չենք ուզում բանակցել», - հայտարարեց Մարգարյանը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենը Ռոման Խուդոլինն է, նա այս ընթացքում որևէ հրապարակային մեկնաբանություն չի արել, բավարարվել են հաղորդագրություններ տարածելով:

«Ոչ թե սեփականատիրոջ փոփոխման, այդ հարցը չի քննարկվում, մենք գիտենք՝ դա մեր լիազորությունների մեջ չի, մենք տեսնում ենք, որ այստեղի տնօրինությունը՝ գործադիրը, լավ չի կատարում իր պարտավորությունները, մենք պահանջում ենք իրանց հեռացումը», - ասաց Շավարշ Մարգարյանը:

Արդեն շուրջ տասն օր շարունակվող ակցիաների ընթացքում առաջին անգամ է նման ուղիղ պահանջ հնչում՝ չնայած տարբեր զրույցներում աշխատակիցներն այս կամ այն կերպ դժգոհում են Քաջարանում ռուսական մեծ ներկայությունից, անգամ կոչեր են հնչում՝ «Մենք ենք տերը մեր հանքի»։

Ըստ այս հայտարարության՝ պահանջն ուղղված է հենց գործադիր ղեկավարներին, այլ ոչ թե բաժնետերերին: Կոմբինատի բաժնեմասերի մեծամասնությունը՝ մոտ 60 տոկոսը, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ փոխկապակցված անձանց ու ընկերությունների է պատկանում, մոտ 22 տոկոս էլ Հայաստանի կառավարությունն ունի։

Գործադիրը, սակայն, արդեն շուրջ տասն օր գոնե հրապարակային մակարդակով պասիվ կեցվածք է ցուցաբերում: Չնայած չվճարված հարկերի տեսքով վնասներ նաև պետությունն է կրում, հայտարարել են, թե չեն միջամտելու։ Մի բան, որն այդքան էլ իշխանությունների ձեռագրով չէ․ օրինակ՝ 2019-ին, երբ «Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատակիցներն էին գործադուլ անում, Կառավարությունը չէր հապաղել արձագանքել.

«Երեկ ուշ երեկոյան տեղում մեքենավարների հետ հանդիպում է ունեցել տրանսպորտի գծով իմ տեղակալը: Իհարկե, խնդիրը «Հարավկովկասյան երկաթուղու» և աշխատողների միջև է, սակայն, բնականաբար, մենք չենք կարող նայել, թե ինչ է կատարվում, ու ինչքան կտևի այդ գործադուլը», - հայտարարել էր այն ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Խարույկի շուրջ վրաններ խփած կոմբինատի աշխատակիցներն իշխանություններից քայլեր են սպասում: Նրանք այսօր նաև տոնելու մի առիթ ունեցան՝ երիտասարդ գործընկերներից մեկի 23-րդ տարեդարձն էր:

«Իմ ցանկությունը՝ մեր բռնած գործին հաջողություն, որ մեր ուզածը կատարվի», - հայտարարեց հոբելյարը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG