Մատչելիության հղումներ

Պղնձամոլիբդենայինի աշխատակիցները գործադուլ են անում, պահանջում բարձրացնել աշխատավարձը


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ երեկվանից գործադուլ են անում, պահանջում բարձրացնել աշխատավարձն ու ապահովել տարրական աշխատանքային պայմաններ:

Հայաստանի թիվ մեկ հարկատուն չի ապահովում աշխատակիցների տարրական իրավունքները, գործարանի վերնախավը շքեղ մեքենաներով է շրջում, իսկ մարդկային պայմաններ գործարանում չկան. օդափոխության հնարավորությունից ենք զրկված, թունավոր օդ ենք շնչում, «Ազատության» հետ զրույցում դժգոհում էին ակցիայի մասնակիցները:

Իրենց պահանջը նախ մանրամասն ուզում են ներկայացնել կոմբինատի ղեկավարությանը: Երեկ հանդիպում եղել է՝ մոտ երկու ժամ, բայց կառուցողական երկխոսություն չի ստացվել: Պահանջում են, որ աշխատավարձը 50 տոկոսով բարձրանա, ղեկավարությունը սա չափազանց է համարում: Քաջարանի համայնքապետը, որ միջնորդում է, որ երկխոսեն ու իրավիճակը հանդարտվի, ասում է՝ կոմբինատի ղեկավարությունը հակված է 20 տոկոսով բարձրացնել, ինչին համաձայն չեն աշխատակիցները:

Կոմբինատի արհմիությունը չի պաշտպանում գործադուլի դուրս եկած աշխատակիցներին: Կոմբինատն ու արհմիությունը միասին հայտարարում են, թե աշխատողների պահանջը անիրատեսական է, գործադուլը՝ ոչ իրավաչափ:

Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության աշխատանքը խաթարվել է, ընկերությունն ու մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս, ասված է հայտարարությունում:

Տնօրինությունը սպառնում է աշխատակիցներին ուղարկել հարկադիր պարապուրդի, եթե շարունակեն գործադուլը:

Աշխատանքը կորցնելու սպառնալիքը չի ազդել տարրական իրավունքներից զրկված աշխատակիցների վրա: Իրենք էլ չեն ուզում գործարանի աշխատանքը կանգնի, բայց պայքարելու են մինչև իրենց պահանջը կատարվի:

Գործադուլին արձագանքել է նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը: Անհանգստացած են ստեղծված իրավիճակից: Կոչ են անում՝ բողոքի ակցիայի մասնակիցները իրենց պահանջները ներկայացնել օրինական ճանապարհով, չխաթարելով ընկերության բնականոն աշխատանքը։ Հայտարարությունում նշել են, թե հանքարդյունաբերության ոլորտը ամենաբարձր աշխատավարձերն է ապահովում, որը համեմատելի է միայն բարձր տեխնոլոգիաների և բանկային ոլորտի վարձատրության հետ։ Աշխատակիցներից Վահե Մխիթարյանն ասում է՝ ոչ բոլորինն է բարձր, եթե իրենցը 50 տոկոսով բարձրացնեն, օրինակ, 150 հազար դրամով կավելանա աշխատավարձը:

Աշխատակիցները չեն նահանջում, գործադուլը շարունակում են, անգամ, իրենց ասելով, մոտ 200 հոգի գիշերել է կոմբինատի տարածքում:

Կոմբինատը, որ հազար խոշոր հարկատուների ցանկում առաջինն է, անցած տարի ընդհանուր առմամբ շուրջ 102 միլիարդ դրամ հարկեր է վճարել: Սա 2024 թվականի ընթացքում հավաքված ընդհանուր հարկերի չորս տոկոսն է: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կոմբինատի 22 տոկոսը կառավարության սեփականությունն է, որը պետությանը նվիրեց բաժնետերերից ռուսական «Արդյունաբերական ընկերությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG