Մատչելիության հղումներ

Գործադուլավորները և կոմբինատի ղեկավարությունը համաձայնության չեն եկել. Հայաստանի թիվ մեկ հարկատուն 5 օր է չի աշխատում


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների բողոքի ակցիան, փետրվար, 2025թ.
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների բողոքի ակցիան, փետրվար, 2025թ.

Հինգ օր շարունակվող գործադուլից հետո այսօր երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների հանդիպումն ավարտվել է առանց որևէ համաձայնության, «Ազատությանը» հայտնեց հանդիպմանը մասնակցած՝ գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը:

«Սա երկխոսություն էր՝ բավականին կառուցողական, բավականին շատ հարցեր և խնդիրներ քննարկվեցին: Դիրքորոշումը չի փոխվել ո՛չ գործատուի մոտ, ո՛չ գործադուլավորների մոտ, եթե հակիրճ էսպես ասենք: Բայց, ամեն դեպքում, տենդենցը շատ դրական եմ գնահատում, բավականին կոնստրուկտիվ, կառուցողական մթնոլորտում տեղի ունեցավ երկխոսությունը», - «Ազատությանը» փոխանցեց Մխիթարյանը:

Այդուհանդերձ, նշեց նա, այդպես էլ որևէ համաձայնության չեն եկել, «որովհետև հիմնական պահանջի մասով դիրքորոշումները չեն փոխվել»:

Հարցին՝ «այսինքն, դուք շարունակում եք պահանջել 50 տոկոս աշխատավարձի բարձրացում, իրենք մերժո՞ւմ են», Մխիթարյանն արձագանքեց. - «50 տոկոս եթե չասենք, այսպես ասենք՝ արժանապատիվ բարձրացում ենք մենք պահանջում, իսկ նրանց առաջարկը, գործատուի առաջարկը, մենք փորձեցինք ռացիոնալ փաստարկներով հիմնավորել, որ չի լուծում խնդիրը: Մենք այդ առաջարկը մինչև գործադուլը սկսելը արդեն ստացել էինք, քննարկել էինք, ու նրանց առաջարկը աշխատավարձի բարձրացման չի լուծում խնդիրը»:

«Ազատություն». - Այսինքն, շատ քիչ տոկոս բարձրացում են իրենք առաջարկում, որը ձեզ չի բավարարում:

Մխիթարյան. - Այո:

«Ազատություն». - Տոկոսային ինչ-որ հարաբերակցություն կարո՞ղ եք նշել;

Մխիթարյան. - Չգիտեմ, 2-ից մինչև 22, չգիտեմ, մինչև 32, ասենք, ոնց որ այդպիսի թվեր էլ կային՝ 32, որովհետև տարբեր հաստիքների համար տարբեր տոկոսային բաներ էին նախատեսված և ինչ-որ գրադացիոն սիստեմ:

«Ազատություն». -Դուք ինչի՞ն չեք համաձայնում:

Մխիթարյան. - Վերջնական գումարին՝ երբ որ մենք այդ տոկոսները վերածում ենք դրամի, մենք հասկանում ենք, որ այդ դրամը չի լուծում խնդիրը, չնչին բարձրացում է ստացվում: Եվ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին անգամ վերանայում տեղի է ունեցել 7 տարի առաջ, ինձ թվում է՝ մեր պահանջը ավելի քան իրատեսական է:

Գործադուլը շարունակվում է, հաջորդ հանդիպման մասին չեմ կարող ասել, բայց, ամեն դեպքում, երկկողմանի կապը կա, երբ որ լինեն առաջարկներ, վերանայումներ, դիրքորոշումների փոփոխություններ, ինձ թվում է՝ արդեն հանդիպումներ կլինեն:

Մենք արդեն երևի թե գնանք մեր պլանավորած հաջորդ քայլին՝ հանրային ավելի մեծ ճնշմանը: Երբ որ որոշումը կայացվի, մենք կասենք, էլի:

«Ազատություն». - Նախ՝ ո՞ւմ հետ եք հանդիպել, և արդյոք իրենք անհանգստացած չէին, որ կոմբինատը արդեն հինգերորդ օրն է փաստորեն արտադրանք չի տալիս, և պետք է արագ հարցին լուծում տալ:

Մխիթարյան. - Իհարկե, բոլորն էլ անհանգստացած են: Այսպես ասենք՝ բարձր ղեկավարության հետ:

Կոմբինատի աշխատանքները 5 օր է դադարեցված են. ԶՊՄԿ-ից ահազանգում են՝ նաև բնապահպանական հետևանքներ կարող են առաջանալ

Այս անորոշության ֆոնին, Հայաստանի թիվ մեկ հարկատուն արդեն հինգերորդ օրն է չի աշխատում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լրատվության բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանն «Ազատությանն» ասաց՝ ուրբաթ օրվանից արտադրական գործընթացը կանգնած է. - «Հիմնական արտադրական հատվածները կանգնած են, արտադրություն չկա»։

Հարցին, թե դա ինչպիսի՞ հետևանքների կարող է հանգեցնել, Մարգարյանն արձագանքեց. - «Բնականաբար, դա տնտեսական հետևանքներ կարող առաջացնել, անվտանգային հետևանքներ կարող է առաջացնել, նաև՝ բնապահպանական հետևանքներ, որը մեզ ամենաշատն է մտահոգում այս պահին»։

Իսկ արդյոք կոմբինատը քայլեր ձեռնարկում է, որպեսզի երկխոսություն տեղի ունենա գործադուլի դուրս եկած աշխատակիցների հետ, և իրավիճակը հանգուցալուծվի. կոմբինատի լրատվականի ղեկավարն ասաց, թե այդ հարցին պետք է պատասխանի արհմիությունը:

«Գործընթաց տեղի է ունենում, կանգնած չէ, փակուղային իրավիճակ չէ, որքան գիտեմ», - նշեց Մարգարյանը:

Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը նույնպես վերասհաստատեց՝ կոմբինատի աշխատանքներն այս պահին դադարեցված են, քանի որ գործադուլի հետևանքով չեն գործում բաց հանքի, փականագործների վերանորոգման, հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասերը։ Չի աշխատում նաև հարստացուցիչ ֆաբրիկան, որտեղ ստացվում է վերջնական արտադրանքը:

Կառավարությունն առայժմ չի արձագանքել

Չնայած Հայաստանի թիվ մեկ հարկատուն արդեն հինգերորդ օրն է արտադրանք չի տալիս, Կառավարությունը, որ կոմբինատի 22 տոկոսի սեփականատերն է, առայժմ չի արձագանքել շարունակվող գործադուլին և աշխատողների պահանջներին։

Կառավարության կողմից դեռ 2022-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ նշանակված Նարեկ Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց որևէ գնահատական տալ:

«Ես Կառավարության պաշտոնական տեսակետ չեմ կարող ներկայացնել, ևս մեկ անգամ խնդրում եմ դիմել ԶՊՄԿ մամուլի խոսնակին: Ես իրավասու չեմ ներկա պահին Ձեր հարցերին պատասխանելու», - ասաց Բաբայանը:

Պետական գույքի կառավարման կոմիտեն, ում հանձնված է պետությանը պատկանող կոմբինատի բաժնետոմսերի շուրջ 22 տոկոսի կառավարումը, այս պահի որևէ մեկնաբանություն չունի, «Ազատությանը» փոխանցեց հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանը:

Կոմբինատի մյուս բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ փոխկապակցված ընկերություններին ու անձանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG