Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտահոգված է ԶՄՊԿ-ում վիճակով. «Դա ազդելու է տնտեսական ցուցանիշների վրա»


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, արխիվ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, արխիվ

Կառավարությունը մտահոգված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ստեղծված իրավիճակով:

«Բնականաբար, մտահոգված ենք, որովհետև Հայաստանի արդյունաբերության առաջատարը եթե մեկ շաբաթ չի աշխատում, դա ակնհայտորեն ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա։ Մեզ համար այս առումով ամենակատարյալ տարբերակը կլինի՝ հնարավորինս շուտ գործարանը սկսի աշխատանքը»,- այսօր «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հարցին, թե ի՞նչ է անում կառավարությունն իրավիճակը հանգուցալուծելու համար, նախարարը պատասխանեց, որ հարցը արհմիության և հանքարդյունաբերության համալիրի աշխատակիցների տիրույթում է գտնվում:

«Որպես Էկոնոմիկայի նախարարություն՝ մենք շատ կուզենք, որ մեկ օր շուտ վերսկսվի հանքարդյունաբերությունը», - հավելեց Գևորգ Պապոյանը:

Արդեն գրեթե մեկ շաբաթ կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում: Երեկ էլ աշխատակիցների ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության միջև բանակցություններն ավարտվեցին անարդյունք։

Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։

Պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ օրերին պնդում էր, թե գործադուլի դուրս եկած քաղաքացիները աշխատավարձի անիրատեսական բարձրացում են պահանջում, տարածած հաղորդագրության մեջ շեշտել էր՝ աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ։ Սրան ևս աշխատակիցները հակադարձում են:

XS
SM
MD
LG