Քաջարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով 3 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և փոխանցվել է նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե, «Ազատությանը» հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Քննչական կոմիտեից էլ փոխանցեցին, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ ոստիկանությունում տեղեկություն էր ստացվել, որ Քաջարանի Պոչամբար կոչվող թաղամասում ծեծկռտուք է եղել:
8 մարդ բերման էր ենթարկվել:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի՝ այս օրերին գործադուլ անող աշխատակիցներից Վահե Մխիթարյանն «Ազատությանն» ասել էր, որ միջադեպը գործադուլի հետ կապ չունի: