Արդեն երրորդ օրն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի 50 տոկոս բարձրացման և տարրական աշխատանքային պայմանների պահանջով:
Աշխատակիցներից Վահե Մխիթարյանը հայտնեց, որ մի քանի տասնյակ աշխատողներ այս գիշեր էլ կոմբինատի տարածքում են անցկացրել: Նա պնդեց, որ շարունակելու են գործադուլն այնքան, մինչև չբավարարվի իրենց պահանջը:
«Սա արժանապատվության և սոցիալական արդարության համար պայքար է»,- նշեց Մխիթարյանը:
ԶՊՄԿ-ի մամուլի պատասխանատու Արայիկ Մարգարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ «օրինախախտների հետ կոմբինատի տնօրինությունը չի պատրաստվում բանակցել»։
«Կոմբինատի մի քանի արտադրամասերում աշխատանքը կանգնած է», - հավելեց նա:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու արհմիությունը երեկ համատեղ հայտարարություն էին տարածել, պնդելով, թե աշխատողների պահանջն անիրատեսական է, իսկ գործադուլը՝ ոչ իրավաչափ: Հայտարարությունում նաև նշված է, որ «աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության աշխատանքը խաթարվել է, ընկերությունն ու մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս»:
Երեկ գործադուլ հայտարարած աշխատակիցների հետ հանդիպել էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ու լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների հանրապետաական միության նախագահ Էդվարդ Փահլևանյանը: Վերջինս ասել էր, որ իրենք փորձում են օրինական ճանապարհով տանել կոմբինատի աշխատակիցների պահանջը, որ այս գործընթացում ոչ մի աշխատակից չտուժի: