Երկու ժամից ավելի շարունակված բանակցությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և արդեն վեցերորդ օրը գործադուլ անող աշխատակիցների միջև այսօր էլ ավարտվեցին անարդյունք։ Ինչպես և երեկվա հանդիպմանը, այսօր ևս համաձայնություն ձեռք չբերվեց:
«Տնօրինությունը չի ընդունել 120-150 հազար դրամով աշխատավարձերը բարձրացնելու գործադուլավորների առաջարկը։ Անգամ մերժել է սիմվոլիկ չափով որևէ բարձրացում անել, պահանջելով անհապաղ վերադառնալ աշխատանքի», - «Ազատությանը» փոխանցեց գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։
Ի դեպ, գործադուլի դուրս եկած աշխատակիցները նաև կասկածի տակ են դնում Մետալուրգների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար Էդուարդ Փահլևանյանի անաչառությունը՝ հաշվի առելով այն հանգամանքը, որ «արհմիությունը չի տրամադրել աշխատակիցների գործատուի հետ կնքված կոլեկտիվ պայմանագիրը, արհմիության կանոնադրությունը և օրեր առաջ տեղի ունեցած քվեարկության արձանագրությունը, ինչը, ըստ Վահե Մխիթարյանի, պարտավոր էր անել:
Գործադուլը համակարգող խորհրդի անդամը հանդիպումից առաջ «Ազատությանը» փոխանցել էր, որ «մինչև խնդիրը չլուծվի, ընդվզումը շարունակվելու է»։ Մխիթարյանը նաև պարզաբանել էր՝ աշխատավարձի արժանապատիվ բարձրացման իրենց պահանջը ենթադրում է աշխատավարձի բարձրացում 120-150 հազար դրամով. - «Մեր առաջարկը այդքան էլ չի տարբերվում իրենցից, ուղղակի մի փոքր ավելի ուրիշ տեղաբաշխումներ է ենթադրում, ավելի սոցիալական արդարության կողմից է, էլի: Եվ այդ 50 տոկոսը կարող ենք մենք վերածել դրամի, որը որ ենթադրում է մոտավորապես 120-150 հազար դրամ»:
«Հույսով ենք, որ լավ կլինի, էլի: Մենք ուզում ենք, որ էս հիմնարկը աշխատի, մենք էլ գնանք աշխատանքի, բայց մենք նեղվում ենք մեր աշխատավարձից: Մենք չենք նեղվում, էստեղ ինչքան պետք լինի, մնալու ենք, ամիսներով էլ պետք լինի, մնալու ենք, էնքան որ մեր պահանջը կատարեն, մեր արդարացի պահանջը կատարեն», - ասաց գործադուլավորներից մեկը: - «Էստեղ ոչ մեկը հենց էնպես չի հավաքվել, մարդիկ բոլորն էլ գիտակցում են: Թող էսօր իրանք որ ասում են՝ «ձեր աշխատավարձը բարձր ա», բա իրանց աշխատավարձե՞րը ինչքան ա, որ տաքուկ կաբինետներում նստած են, մեզանից մի 40-50 անգամ ավել փող են ստանում, բա դա արդարացի ա՞: Մարդիկ էլ փոշիների, մեքենաների մեջ ռիսկավատներ են անում»:
Հայաստանի թիվ մեկ հարկատուն արդեն վեցերորդ օրն է կանգնած է։ Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։
«Գործընթացը մտել է փակուղի», - «Ազատությանն» այսօր հանդիպումից առաջ ասել էր Մետալուրգների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար Էդուարդ Փահլևանյանը՝ շեշտելով, որ պետությունը լուրջ վնասներ է կրելու ստեղծված իրավիճակից.
«Նախ մի կողմ դնենք, որ ամենաառաջին հարկատուն է Հայաստանի Հանրապետությունում, շատ մեծ հարակից կազմակերպություններ ուղղակի սնվում են, աշխատում են Պղնձամոլիբդենային կոմբինատի հետ՝ 50 հազար մարդ։ Երկրորդը՝ ժողովուրդը՝ Գորիսը, Կապանը, Քաջարանը, Ագարակը, բոլորն այստեղ են աշխատում, սոցիալական որևէ էդպիսի աջակցություն ... ես չեմ գովազդում, ես փաստերով եմ ասում: Կոմբինատը պիտի՛ աշխատի, միանշանակ, դա ռազմական, կենսական, ամեն նշանակություններով դա Հայաստանի Հանրապետության համար արհավիրք է, դուք պատկերացնում ե՞ք դա ինչ արհավիրք է»:
Փահլևանյանն ընդգծում էր՝ եթե գործադուլավորներն այսօր աշխատանքի չվերադառնան, ապա իրենց դուրս կդնեն օրինական դաշտից, քանի որ գործադուլը կհամարվի ոչ օրինական։ Մինչդեռ իր առաջարկն է՝ օրենքի համաձայն դադարեցնել գործադուլը, գործատուին 14 օր ժամանակ տրամադրել իրենց պահանջները կատարելու համար։ Եթե դրանք չկատարվեն, կրկին շարունակեն իրենց գործադուլը, բայց արդեն՝ օրինական դաշտում։ Սակայն, նրա պնդմամբ, աշխատակիցները մերժել են իր այս առաջարկը։
«Աշխատավորները չուզեցան, որպեսզի մենք օրինական դաշտ մտցնենք էս քվեարկությունը, որը արել էին: Եթե դուրս գային աշխատանքի, մենք արդեն արհկոմի որոշումով մտնում էինք օրենսդրության նորմի համաձայն և դարձնում էինք սա օրինական գործադուլ՝ 14 օր տալով գործատուին, որպեսզի աշխատավորների պահանջը բավարարի, չբավարարելու պահով մենք կարող էինք օրենքով սահմանված կարգով գործադուլի գործընթացը սկսեինք, բայց չհամաձայնվեցին: Բողոքի ակցիայի մասնակիցները ոչ մեկի չեն հավատում՝ «մենք գնում ենք կտրուկ քայլերի», - նշեց Փահլևանյանը:
Չնայած Հայաստանի թիվ մեկ հարկատուն արդեն հինգերորդ օրն է արտադրանք չի տալիս, Կառավարությունը, որ կոմբինատի 22 տոկոսի սեփականատերն է, առայժմ չի արձագանքել շարունակվող գործադուլին և աշխատողների պահանջներին։ Կոմբինատի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ փոխկապակցված ընկերություններին ու անձանց: