«Հասարակական կարգի պահպանության ընթացքում բանակցություն է եղել, այլ մեկնաբանություն չունենք», - «Ազատությանը» փոխանցեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: «Ազատությունը»-ը հետաքրքրվել էր, թե ո՞վ է լիազորել ոստիկանությանը կառավարության անունից հանդես գալով Քաջարանի Պղնձամոլիբեդնային գործարանի գործադուլ անող աշխատակիցներին հորդորել վերադառնալ աշխատանքի, նշելով, թե այնուհետև կառավարությունը իրենց բարձրացրած խնդիրները կլուծի։
Այսօր գործադուլավորներին կառավարության առաջարկները ներկայացնում էր Սյունիքի մարզի պարեկային գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։
«Ազատություն»-ը փորձեց նաև ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ, ԶՊՄԿ խորհրդի անդամ Նարեկ Բաբայանից պարզել՝ արդյոք կառավարությո՞ւնն է հանձնարարել Պարեկային գումարտակի հրամանատարին որպես միջնորդ հանդես գալ, և արդյոք փոխնդապետ Գևորգ Զաքարյանի հայտարարությունները կարելի է դիտարկել իբրև կառավարության պաշտոնական դիրքորոշում։ «Ես նման տեղեկատվություն չունեմ, խնդրում եմ ճշտել ոստիկանության մամուլի ծառայությունից», - արձագանքեց նա:
Մինչ իրավիճակը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում օր օրի լարվում է, Կառավարությունը, որ կոմբինատի մոտ 22 տոկոսի բաժնետերն է, երեկ առաջին անգամ արձագանքել է՝ չեն միջամտելու։ Ինչպես էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է նշեկ, հարցի լուծումը արհմիության և հանքարդյունաբերության համալիրի աշխատակիցների տիրույթում է։
Արդեն մեկ շաբաթ կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում: Աշխատակիցների ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության միջև բանակցություններն ավարտվել էին անարդյունք։
Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։
Պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ օրերին պնդում էր, թե գործադուլի դուրս եկած քաղաքացիները աշխատավարձի անիրատեսական բարձրացում են պահանջում, տարածած հաղորդագրության մեջ շեշտել էր՝ աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ։ Սրան ևս աշխատակիցները հակադարձում են: