Զանգեզուրի պղնձամոլիբդենաին կոմբինատի 2448 աշխատակից «այո» է ասել աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային պայմանները բարելավելու պահանջին: Կոմբինատում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատմության մեջ առաջին անգամ գործադուլի դուրս եկած աշխատակիցները փակ, գաղտնի քվեարկություն են կազմակերպել՝ ցույց տալու, որ տնօրինությունը «ստում է», երբ պնդում է, թե կոմբինատի աշխատակիցների ընդամենը 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։
«Աջակցո՞ւմ եք աշխատավարձի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով կազմակերպված գործադուլին» վերտառությամբ քվեաթերթիկը կեսօրին մոտ լրացրել և քվեատուփն էր գցել մոտ 2000 աշխատակից:
«Արդեն մոտենում է 2000-ին, որը մեզ համար բավական է, որ ցույց տանք, որ մեծամասնություն է», - կեսօրին մոտ «Ազատության» հետ զրուցելիս ասաց պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից Շավարշ Մարգարյանը:
Գործադուլ անողները մի քվեատուփը դրել էին Քաջարան քաղաքի կենտրոնում, մյուսը՝ կոմբինատի տարածքում։ Գործընթացի թափանցիկությունն ապահվելու համար կոմբինատի աշխատակիցներն իրենց ուժերով նաև տեսանկարահանում էին քվեարկությունը՝ տեսախցիկը կպչուն ժապավենով ամրացնելով ճաղերին։
«Դե մենք պետություն չենք, որ կարողանանք կազմակերպել քվեարկությունը, առաջին անգամ ենք անում: 12 ժամվա դրությամբ 42 տոկոս եկել է, ստորագրել: Պարոնա՛յք ղեկավարություն, մի տարածեք նման կեղծիքներ», - հավելեց Շավարշ Մարգարյանը:
Պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ օրերին պնդում էր, թե գործադուլի դուրս եկած քաղաքացիները աշխատավարձի անիրատեսական բարձրացում են պահանջում՝ սպառնալով իրավական պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին:
«Դուք չեք կարող մեզ հաղթել: Հա փորձեցիք, մի քիչ ճնշեցիք, դուք գիտե՞ք ինչ, մարդիկ էստեղ կկոտրվեն, չէ, մարդիկ մինչև վերջ մնալու են», - շարունակեց աշխատակիցը, մյուսը հավելեց. «Եթե մեզ սպառնում են հեռացումով և այլն, մենք կանայք կանգնելու ենք մեր տղաների կողքին՝ մենք ենք փակելու ճանապարհը, մենք ենք պահանջելու»:
Հայաստանի թիվ մեկ հարկատուն նաև հրապարակել է որոշ աշխատավարձերի չափեր՝ ֆլոտատոր՝ 399 - 594 հազար դրամ, փականագործ՝ 329 - 580 հազար դրամ, կոնվեյերավար՝ 450-480 հազար դրամ (հարկերը ներառյալ)։ Այսինքն՝ սա չհարկված աշխատավարձերի չափն է, իրականում աշխատավարձերը շատ ավելի քիչ են, ինչը, գործադուլի դուրս եկած աշխատակիցների համոզմամբ, հատուկ է արվել, որպեսզի մոլորեցնեն հանրությանը, իսկ ավելի ցածր աշխատավարձերի մասին ընդհանրապես որևէ խոսք չկա:
«Այդ գումարի 30 տոկոսը չի ստանում մարդը, փաստացի ինքը քիչ է ստանալու, իսկ իրենք ուզում են ուղղակի մանիպուլյացիա անել, մարդկանց մոտ տպավորություն ստեղծեն, որ տեսեք՝ այս քաջարանցիները ինչ կարգի հղփացած մարդիկ են՝ այդքան ստանում են, էլի պահանջում են», - նշեց Շավարշ Մարգարյանը։
«Իրենց ոնց ձեռք է տալիս, այդպես են ներկայացնում, բա խի՞ ամենացածր ստացողի թղթերը չեն ներկայցնում: Մարդ կա՝ ստանում է 200 հազար, 180 հազար», - հավելեց Հովհաննես Վարդանյանը:
Գործադուլի դուրս եկած կոմբինատի աշխատակիցները աշխատավարձի բարձրացումից բացի, մատնանշում են աշխատանքային վատ պայմանները, ասում են՝ 50-ականների հին տեխնիկան այդպես էլ չի փոխվում, փոխարենը իրենց ամեն շարժը հսկում են նորագույն տեսախցիկների միջոցով. «Խոնավության մեջ, փոշու մեջ, ցեխերի մեջ մարդիկ տանջվում են»:
Հակադարձելով կոմբինատի այն պնդմանը, թե բոլոր աշխատակիցները, ներառյալ բանվորները և նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ նրանց ծնողները, ապահովված են առողջապահական ապահովագրությամբ, Հովհաննես Վարդանյանն իր օրինակով է հերքում. «Իմ մայրը ուռուցքով հիվանդ էր անցած տարի, մահացավ: Ես դիմեցի, լիքը բաներ էին ուզում: Էն որ արդեն զզվում ես, որ իրենցից ինչ-որ մի կոպեկի աջակցություն ստանաս: Էդ համակարգը՝ ապպա-ն էլ, սաղ սուտ են», - պնդեց նա:
Ի դեպ, Հայաստանի թիվ մեկ հարկատուն ցույց տալու համար, թե որքան լավ պայմաններ են ստեղծված աշխատակիցների համար, հատուկ տարածած հաղորդագրության մեջ շեշտել է՝ աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ։
«Էն ճաշարանի կերը կատվին տալիս ենք, չի ուտում, թթված, չգիտեմ ինչ «համեմունքներով», բերում են, կեղտոտ տարրաներով շպրտում բանվորի վրա», - ասաց աշխատակիցներից մեկը:
Չնայած կոմբինատից հնչող սպառնալիքներին՝ երրորդ գիշերն է՝ գործադուլի դուրս աշխատակիցների մի մասը գիշերում է հենց կոմբինատի մուտքի մոտ՝ բաց երկնքի տակ՝ արժանապատիվ աշխատանքի և արդարության հասնելու հույսով։
Հայաստանի Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը հաշվարկից հետո «Ազատությանը» տեղեկացրեց, որ այսօր ուշ երեկոյան հանձնաժողով կստեղծվի, ու աշխատակիցների պահանջով վաղը առավոտյան կգնան բանակցելու:
Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել գործադուլի դուրս եկած մի քանի աշխատակիցների հետ միասին հանդիպել կոմբինատի տնօրեն Անդրեյ Սինիկովի հետ:
«Նաև բանակցություն, որպեսզի պատժամիջոցներ չկիրառվեն աշխատողների դեմ», - ասաց նա:
Երեկոյան ժամը 6-ին մոտ քվեարկությունն ավարտվեց, և սկսվեց ձայների հաշվարկը։ Պղնձամոլիբդենային կոմբինատից փոխանցեցին՝ իրենց դիրքորոշումը կհայտնեն իրավական գործընթացի ավարտից հետո:
Կառավարությունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կոմբինատի 22 տոկոսի սեփականատերն է, առայժմ չի արձագանքել արդեն 4 օր շարունակվող գործադուլին և աշխատողների պահանջներին։
Կոմբինատի անվտանգությունն, ի դեպ, չի թույլատրել «Ազատությանը» նկարահանել հաշվարկը, իսկ մեր թղթակցին կոպիտ կերպով հեռացրել են տարածքից: