Մատչելիության հղումներ

Զելենսկի. Ոչ մի որոշում Ուկրաինայի վերաբերյալ՝ առանց Ուկրաինայի, Եվրոպայի վերաբերյալ՝ առանց Եվրոպայի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելութ է ունենում Մյունխենի Անվտանգության համաժողովում, 15-ը փետրվարի, 2025թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելութ է ունենում Մյունխենի Անվտանգության համաժողովում, 15-ը փետրվարի, 2025թ.

Կիևը երբեք չի ընդունի իր թիկունքում ընթացող, առանց իր մասնակցության գործարքները, Մյունխենի Անվտանգության միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Դիմելով արևմտյան առաջնորդներին՝ Վլադիմիր Զելենսկին շեշտել է՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ առանձին որոշում չեն կարող կայացնել ոչ Թրամփն ու Պուտինը, ոչ էլ ինքն ու Պուտինը: Նա պնդել է՝ պետք է միասնականորեն ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա՝ խաղաղության հասնելու համար։

«Նույն կանոնը պետք է կիրառվի ամբողջ Եվրոպայի համար: Ոչ մի որոշում Ուկրաինայի վերաբերյալ՝ առանց Ուկրաինայի, ոչ մի որոշում Եվրոպայի վերաբերյալ՝ առանց Եվրոպայի: Եվրոպան պետք է սեղանի շուրջ լինի, երբ որոշումներ են ընդունվում նրա վերաբերյալ։ Ցանկացած այլ բան արժեք չունի։ Եթե մենք դուրս մնանք մեր ապագայի վերաբերյալ բանակցություններից, ապա բոլորս կպարտվենք», - ասել է Զելենսկին:

Այս հայտարարությունները հաջորդում են չորեքշաբթի օրը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին։ Զրույցից հետո Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, թե Պուտինի հետ պայմանավորվել են բանակցություններ սկսել Ուկրաինայում պատերազմն ավարտելու շուրջ։

Զելենսկին այսօր պնդել է, թե չի կարելի վստահել Ռուսաստանի նախագահին խաղաղության համաձայնագրի կնքման հասնելու հարցում։ Նա վտանգավոր է որակել Թրամփ-Պուտին հանդիպումը, քանի դեռ տեղի չի ունեցել իր և Թրամփի հանդիպումը:

«Պուտինը չի կարող անվտանգության իրական երաշխիքներ առաջարկել ոչ միայն այն պատճառով, որ ստախոս է, այլև այն պատճառով, որ Ռուսաստանին իր ներկայիս վիճակում պատերազմ է պետք՝ իշխանությունը պահելու համար», - համոզմունք է հայտնել Ուկրաինայի նախագահը:

Կիևը, ըստ Զելենսկու, մտադիր չէ բանակցային սեղանից հանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, իսկ եթե ոչ ՆԱՏՕ-ին անդամակցություն, ապա, նրա ձևակերպմամբ, «պայմաններ՝ Ուկրաինայում այլ ՆԱՏՕ-ի ստեղծման համար»։

«Բայց հենց հիմա ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ անդամը կարծես Պուտինն է, քանի որ նրա քմահաճույքները կարող են արգելափակել ՆԱՏՕ-ի որոշումները: Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանին կանգնեցրեց Ուկրաինայի բանակը՝ ոչ ՆԱՏՕ-ի երկիր, ոչ ՆԱՏՕ-ի զորքերը, այլ միայն մեր ժողովուրդը և մեր բանակը», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Օրերս ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն իրատեսական չէ։

Զելենսկին իր ելույթի ընթացքում խոսել է նաև համաեվրոպական զինված ուժերի անհրաժեշտությունից՝ կոչ անելով եվրոպացի առաջնորդներին ստեղծել համաեվրոպական բանակ: Ըստ նրա՝ Եվրոպան պետք է միավորվի արտաքին և պաշտպանական միասնական քաղաքականությամբ՝ ցույց տալու Միացյալ Նահանգներին, որ դաշինքը լրջորեն է վերաբերվում իր անվտանգությանը:

«Մեզ պետք է վստահություն սեփական ուժերի նկատմամբ, որպեսզի ուրիշները այլ ընտրություն չունենան, քան հարգել Եվրոպայի հզորությունը։ Իսկ առանց եվրոպական զինված ուժերի դա անհնար է։ Եվս մեկ անգամ՝ Եվրոպային անհրաժեշտ են սեփական զինված ուժեր: Սա չի նշանակում փոխարինել դաշնակիցներին։ Սա մեր գործընկերության մեջ Եվրոպայի ներդրումը Ամերիկային հավասարեցնելու մասին է։ Եվ մենք նույն մոտեցման կարիքն ունենք, երբ խոսքը դիվանագիտության մասին է՝ աշխատել միասին խաղաղության համար», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկու այս ելույթից ժամեր առաջ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, խոսելով նույն համաժողովում, ասել էր՝ Եվրոպայի անվտանգության պատասխանատվությունը պետք է նախ և առաջ եվրոպացիները ստանձնեն, Ամերիկայի առաջնահերթություններն էլ փոխվում են:

Ի դեպ, Ուկրաինայի նախագահն այսօր նաև պնդեց, թե Ռուսաստանը ծրագրում է ամռանը զորքեր ուղարկել Բելառուս`զորավարժություններ անցկացնելու պատրվակով։ Ասաց՝ երեք տարի առաջ Ռուսաստանն հենց այդպես սկսեց պատերազմն Ուկրաինայի դեմ։ Զգուշացեց՝ հնարավոր է այս զորքերը հենց Եվրոպայի դեմ հարձակման համար կուտակվեն Բելառուսում:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG