Մատչելիության հղումներ

Միայն Ուկրաինայի նախագահը կարող է խաղաղության մասին պայմանավորվել իր երկրի համար. Մակրոն


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է իր երկրի անունից բանակցություններ վարել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Financial Times-ի հետ զրույցում նա նախազգուշացրել է, որ այն «խաղաղությունը, որը կապիտուլյացիա է», «վատ նորություն կլինի բոլորի համար», ներառյալ ԱՄՆ-ը:

«Այս փուլում միակ հարցն այն է, թե արդյոք նախագահ Պուտինը պատրաստ է անկեղծորեն, կայուն և վստահության արժանի կերպով համաձայնել այդ հիմքի վրա հրադադարին։ Դրանից հետո ուկրաինացիները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ», - ասել է Մակրոնը:

Միացյալ Նահանգների նախագահը իր ռուս և ուկրաինացի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներից հետո հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են բանակցություններ սկսել, որպեսզի վերջ դնեն Ուկրաինայում ընթացող պատերազմին:

Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինան իր տեղը կունենա Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների սեղանի շուրջ:

Մակրոնը Financial Times-ին ասել է, որ Թրամփը ստեղծել է «հնարավորությունների պատուհան» բանակցությունների միջոցով լուծելու համար, որտեղ «յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա»՝ հավելելով, որ այժմ Զելենսկին պետք է քննարկի տարածքային և ինքնիշխանության հարցերը:

Ավելի ուշ նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Ուկրաինայի նախագահի հետ զրույցում ասել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ բանակցություններ չեն կարող լինել առանց Ուկրաինայի մասնակցության։ «Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության ուժեղ երաշխիքներ», - ըստ տարածած հաղորդագրության՝ ասել է Բրիտանիայի վարչապետը։

XS
SM
MD
LG