Մատչելիության հղումներ

ԱԹՍ-ն Չեռնոբիլի ատոմակայանին է հարվածել. Կիևը Ռուսաստանին է մեղադրում, Մոսկվան հերքել է


Ուկրաինան հայտարարել է, որ այսօր անօդաչուն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վրա կառուցված սարկոֆագին, որի գործառույթն է կանխել ռադիացիայի արտահոսքը 1986 թվականի պայթյունի հետևանքով ավերված այս էներգաբլոկից:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հարվածի համար մեղադրել է Ռուսաստանին և նշել, որ սարկոֆագը վնասվել է, սակայն ռադիացիոն ֆոնը չի բարձրացել: Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակում նա նաև հայտարարել է, ամեն ինչ վկայում է, որ ռուսական կողմը դիտմամբ է հարվածել ատոմակայանին:

«Այս գիշեր հարձակում է եղել Չեռնոբիլի ատոմակայանի վրա, հարվածել են չորրորդ ռեակտորի սարկոֆագին, ինչը շատ վտանգավոր է: 40 Երկիր է այն կառուցել կոնկրետ նպատակով: Պատերազմի ժամանակ ամեն ինչ կարող է պատահել, բայց հարկ է նշել, որ դրոնը թռնում էր այնպիսի բարձրության վրա, որտեղ ռադարները չէին կարողանում ֆիքսել: Այն ուղղված է եղել սարկոֆագին Մյունխենի անվտանգության համաժողովի առաջին օրը, դա հարված էր Եվրոպայի ամենավտանգավոր օբյեկտին», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Մոսկվան հերքել է Զելենսկու պնդումը, թե ռուսական անօդաչուն է հարվածել ատոմակայանին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերթական հերյուրանք է անվանել Կիևի մեղադրանքը:

«Ես Չեռնոբիլի մասին հստակ տեղեկություն չունեմ, գիտեմ մի բան՝ խոսք լինել չի կարող միջուկային ենթակառուցվածքի որևէ օբյեկտի, միջուկային էներգետիկայի ենթակառուցվածքի վրա հարձակումների մասին: Ուստի ցանկացած պնդում, թե դա այդպես է եղել, չի համապատասխանում իրականությանը», - ընդգծել է Պեսկովը:

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է՝ սա վկայում է, որ Ռուսաստանն ակնհայտորեն ցույց է տալիս, որ խաղաղություն չի ցանկանում:

«Մեզ մնում է որոշել և քննարկել, թե ինչպես պետք է աջակցենք Ուկրաինային հենց հիմա, քանի որ մեր արժեքները չեն փոխվել և չեն փոխվել նաև Ռուսաստանի նպատակները», - ասել է նա:

Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ռուսական հարձակումների թվի նվազման ֆոնին՝ ուկրաինական բանակը սկսել է ավելի ակտիվ հակահարձակումներ իրականացնել: Զելենսկին, իր հերթին, այսօր տեղեկացրել է, որ ուկրաինական զինուժը բարելավել է դիրքերը Պոկրովսկի ուղղությամբ:

Ուկրաինան այսօր տեղեկացրել է, որ Ռուսաստանն ուկրաինացի 757 զինվորի դի է վերադարձրել ուկրաինական կողմն էլ ՌԴ-ին է վերադարձել 45 զինծառայողի դի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG