Եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան հայտարարում են, որ իրենք պետք է մասնակից լինեն ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ ապագա բանակցություններին՝ ընդգծելով, որ «ընդհանուր նպատակը պետք է լինի այն, որ Ուկրաինան կարողանա խոսել ուժի դիրքերից»:
«Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի Ուկրաինային ուժեղ դիրքի մեջ դնելը: Ուկրաինան և Եվրոպան պետք է լինեն ցանկացած բանակցությունների մաս», - ըստ Reuters-ի ասվում է յոթ երկրների և Եվրահանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ:
«Ուկրաինան պետք է ապահովվի անվտանգության երաշխիքներով: Ուկրաինայում արդար և տևական խաղաղությունը կայուն անդրատլանտյան անվտանգության նախապայմանն է», - նաև նշվում է հայտարարության մեջ։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցներից հետո հայտարարել է ՌԴ նախագահի հետ առաջիկա հանդիպման մասին։ Թրամփն ընդգծել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են բանակցություններ սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և շատ սերտորեն կաշխատեն միասին: