Ռուսաստանի նախագահի հետ այսօրվա հեռախոսազրույցից հետո ԱՄՆ առաջնորդը զրուցել է նաև Ուկրաինայի նախագահի հետ:
Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցում հայտնել է, որ բովանդակալից զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, խոսել են խաղաղության հասնելու հնարավորությունների մասին, քննարկել միասին աշխատելու պատրաստակամությունը և Ուկրաինայի տեխնոլոգիական հնարավորությունները, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերը և այլ առաջադեմ ոլորտները:
«Բովանդակալից զրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Շնորհակալ եմ նախագահ Թրամփին նրա հետաքրքրության համար, թե ինչի կարող ենք հասնել միասին», - գրել է նա X-ում։
Զելենսկին նշել է, որ Թրամփն իրեն տեղեկացրել է նաև Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին, որի ժամանակ պայմանավորվել են բանակցություններ սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և սերտորեն աշխատել միասին:
Թրամփը ևս գոհունակությամբ է անդրադարձել իր ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցին՝ սոցիալական ցանցում գրելով. «Հեռախոսազրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել»։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Զելենսկու հետ քննարկել են պատերազմին առնչվող մի շարք թեմաներ, հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում կայանալիք հանդիպումը: Գերմանիայում այս շաբաթ մեկնարկում է անվտանգության համաժողովը:
«Լիահույս եմ, որ այդ հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնել այս ծիծաղելի պատերազմը, որի հետևանքով զանգվածային և բոլորովին անտեղի մահեր են գրանցվել և ավերածություններ եղել: Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդին», - նշել է Դոնալդ Թրամփը:
Զելենսկին, իր հերթին, կրկին սոցիալական ցանցում արված գրառման մեջ շեշտել է, որ ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան Ուկրաինան. «ԱՄՆ-ի հետ միասին մենք ուրվագծում ենք մեր հաջորդ քայլերը՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և ապահովելու կայուն, հուսալի խաղաղություն։ Ինչպես նախագահ Թրամփն ասաց, եկեք անենք դա»:
Զելենսկին ու Թրամփը պայմանավորվել են շարունակել կապը և պլանավորել առաջիկա հանդիպումները: