Մատչելիության հղումներ

Թրամփն ու Պուտինը որոշել են հանդիպել

Լրացված

ԱՄՆ և ՌԴ նախագահները, արխիվ
ԱՄՆ և ՌԴ նախագահները, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Կրեմլը հաստատել է:

Թրամփն ընդգծել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են բանակցություններ» սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և շատ սերտորեն կաշխատեն միասին:

Truth սոցիալական ցանցում ԱՄՆ առաջնորդը մանրամասներ է հայտնել զրույցից. «Մեզնից յուրաքանչյուրը խոսեց մեր երկրների ուժեղ կողմերի և այն մեծ օգուտի մասին, որ մի օր կունենանք միասին աշխատելու շնորհիվ: Ինչպես երկուսս էլ համաձայնեցինք, մենք ցանկանում ենք վերջ դնել միլիոնավոր մահերին, որ տեղի են ունենում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով: Նախագահ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի շատ ուժեղ կարգախոսը՝ «ողջախոհություն»»:

Թրամփի խոսքով՝ երկու գերտերությունների առաջնորդները պայմանավորվել են աշխատել միասին սերտորեն, ներառյալ միմյանց երկրներ այցելելը:

Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ էլ. «Նախագահ Թրամփը խոսել է ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին»:

Կրեմլի խոսնակը հավելել է, թե նախագահ Պուտինն էլ իր հերթին ընդգծել է, որ «ցանկացած կարգավորում պետք է անդրադառնա հակամարտության հիմնական պատճառներին»։ Թե որոնք են դրանք, Պեսկովը չի մանրամասնել։

ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ ինքն ու Պուտինը որոշել են, որ համապատասխան թիմերն անհապաղ սկսեն բանակցությունները. «Եվ մենք կսկսենք՝ զանգահարելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնենք նրան զրույցի մասին, մի բան, որը ես կանեմ հենց հիմա»։

Թրամփը, սոցիալական ցանցում խոսելով ՌԴ նախագահի հետ զրույցի մասին, նաև տեղեկացրել է, որ խնդրել է պետքարտուղարին, ԿՀՎ-ի տնօրենին, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին և դեսպան ու հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆին ղեկավարել բանակցությունները, որոնք, իր խորին համոզմամբ, «հաջողությամբ կպսակվեն»:

«Միլիոնավոր մարդիկ են զոհվել այս պատերազմում, որը տեղի չէր ունենա, եթե ես լինեի նախագահ, բայց դա տեղի է ունեցել, ուստի այն պետք է ավարտվի: Այլևս կյանքեր չպետք է կորսվեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Պուտինին այս հեռախոսազրույցի համար իր տրամադրած ժամանակի և գործադրած ջանքերի համար … Ես հավատում եմ, որ այս ջանքերը կհանգեցնեն հաջող ավարտի, հուսով եմ՝ շուտով»,-հայտարարել է նա:

Ուկրաինայից բացի, ըստ Կրեմլի, երկու գերտերությունների առաջնորդները քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագիրը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Ուկրաինական հարցի լուծումը չի կարող լինել առանց Ուկրաինայի և եվրոպացիների, հայտարարել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի արտգործնախարարները:

Թրամփը զրուցել է նաև Զելենսկու հետ

Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ առաջնորդը զրուցել է նաև Ուկրաինայի նախագահի հետ: Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցում հայտնել է, որ բովանդակալից զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, խոսել են խաղաղության հասնելու հնարավորությունների մասին, քննարկել միասին աշխատելու պատրաստակամությունը և Ուկրաինայի տեխնոլոգիական հնարավորությունները, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերը և այլ առաջադեմ ոլորտները:

«Բովանդակալից զրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Շնորհակալ եմ նախագահ Թրամփին նրա հետաքրքրության համար, թե ինչի կարող ենք հասնել միասին», - գրել է նա X-ում։

Թրամփը ևս գոհունակությամբ է անդրադարձել իր ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցին՝ սոցիալական ցանցում գրելով. «Հեռախոսազրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել»։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Զելենսկու հետ քննարկել են պատերազմին առնչվող մի շարք թեմաներ, հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում կայանալիք հանդիպումը: Գերմանիայում այս շաբաթ մեկնարկում է անվտանգության համաժողովը:

«Լիահույս եմ, որ այդ հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնել այս ծիծաղելի պատերազմը, որի հետևանքով զանգվածային և բոլորովին անտեղի մահեր են գրանցվել և ավերածություններ եղել: Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդին», - նշել է Դոնալդ Թրամփը:

Զելենսկին, իր հերթին, կրկին սոցիալական ցանցում արված գրառման մեջ շեշտել է, որ ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան Ուկրաինան. «ԱՄՆ-ի հետ միասին մենք ուրվագծում ենք մեր հաջորդ քայլերը՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և ապահովելու կայուն, հուսալի խաղաղություն։ Ինչպես նախագահ Թրամփն ասաց, եկեք անենք դա»:

Դոնալդ Թրամփը նախօրեին ասել էր, որ Ուկրաինայի հարցով Վաշինգտոնի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն այս շաբաթ մեկնելու է Կիև։

XS
SM
MD
LG