Մատչելիության հղումներ

Մյունխենում մեկնարկել է Անվտանգության ամենամյա համաժողովը


Եվրոպայի անվտանգության պատասխանատվությունը պետք է նախ և առաջ եվրոպացիները ստանձնեն, Ամերիկայի առաջնահերթությունները փոխվում են․ սա էր այսօր Միացյալ Նահանգների նոր վարչակազմի առանցքային ուղերձը դաշնակիցներին՝ Մյունխենում բացված Անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ։

«Մենք ուզում ենք համոզված լինել, որ ՆԱՏՕ-ն ստեղծված է ապագայի համար։ Դա անելու համար կարևոր է երաշխավորել, որ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա կենտրոնանալ Արևելյան Ասիայում մեզ սպառնացող մարտահրավերների վրա», - հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Վաշինգտոնի այս ուղերձը հնչում է Երկրորդ համաշխարհայինից ի վեր Եվրոպայում շարունակվող ամենամեծ պատերազմի ֆոնին։ Երեք տարի շարունակ Միացյալ Նահանգներն առաջնորդում էր Ուկրաինային տրամադրվող աջակցությունն ու տալիս ավելին, քան եվրոպացի բոլոր դաշնակիցները՝ միասին։ Այսօր այդ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է՝ ռազմական օգնությունը շարունակելու փոխարեն պետք է ամեն գնով կանգնեցնել պատերազմը։

«Դեմ չենք, բայց ինչպե՞ս՝ դա է կարևորը», - հեռավար դիմելով դաշնակիցներին՝ հակադարձեց համաժողովը հյուրընկալող Գերմանիայի նախագահը, մանրամասնելով՝ պատերազմը կանգնեցնելու պայմաններն ու հնարավոր զիջումներն են, որ առաջիկա տարիներին կորոշեն Եվրոպայի ու Միացյալ Նահանգների դիրքերն աշխարհում։

Դիվանագիտական ոլորտում տասնամյակների փորձ ունեցող Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն առանց դիվանագիտական բառապաշարի պնդեց՝ աննախադեպ է այն, ինչ տեսնում է այսօր Նահանգների կողմից:

«Ամերիկյան նոր վարչակազմն աշխարհի նկատմամբ մեզնից տարբերվող տեսակետ ունի։ Տեսակետ, որը հաշվի չի առնում գործող կանոնները, գործընկերությունն ու հաստատված վստահությունը, որը տասնամյակների պատմություն ունի։ Այս իրադրությունը մենք փոխել չենք կարող, ուստի մեզ մնում է միայն այն ի գիտություն ընդունել և ըստ այդմ գործել», - նշեց Գերմանիայի նախագահը։

Համաժողովից օրեր առաջ Պենտագոնի ղեկավարը Բրյուսելում պնդել էր՝ չպետք է սին հույսեր տածել, որ Ուկրաինան կարող է վերադարձնել 2014-ից հետո կորցրած տարածքները կամ՝ ՆԱՏՕ-ին անդամակցել։

Թրամփի նոր վարչակազմը նաև ընդգծել է՝ Ամերիկան չի մասնակցելու Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը․ եթե եվրոպացիները ցանկանում են, այդ պատասխանատվությունը պետք է անձամբ ստանձնեն։

Այս ֆոնին մտահոգություններ են հնչում, որ Վաշինգտոնը կարող է կրճատել ոչ միայն Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունն, այլև Եվրոպայում տեղակայված ամերիկացի զինվորների թիվը։

«Ստիպված կլինենք ինքներս լրացնել այդ բացը, միայն թե դա մեկ օրվա բան չէ», - Մյունխեն ժամանելուն պես հայտարարեց Գերմանիայի պաշտպանության նախարարը։ Բորիս Պիստորիուսը ևս չթաքցրեց՝ ամերիկացի պաշտոնյաների վերջին հայտարարություններից եվրոպացիները մեղմ ասած մտահոգված են:

«Ցավալին այն է, որ Թրամփի վարչակազմը երկու կարևոր հարց է հանել բանակցային օրակարգից, ինչի կարիքը, իմ կարծիքով, չկար։ Մեկը՝ Ուկրաինայի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին, մյուսը՝ տարածքային փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ Ուկրաինայում։ Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլիներ այդ հարցերը նախ քննարկել բանակցային սեղանի շուրջ՝ Ուկրաինայի մասնակցությամբ», - ասել է նա։

Դաշնակիցների միջև այլևս ակնհայտ այս հակասությունների ֆոնին Ուկրաինայի նախագահն այսօր երեկոյան առաջին անգամ կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Առանցքային այդ հանդիպումից առաջ այսօր Վլադիմիր Զելենսկին Մյունխենում ընդգծել է՝ որոնք են «կարմիր գծերը» Ուկրաինայի համար։

«Մենք երբեք չենք ճանաչի ուկրաինական տարածքների բռնազավթումը Ռուսաստանի կողմից։ Սա ամրագրված է Ուկրաինայի սահմանադրությամբ, և միայն Ուկրաինայի ժողովուրդը կարող է փոխել երկրի սահմանները», - նշել է նախագահ Զելենսկին։

Միացյալ Նահանգների նախագահը նախօրեն հայտարարել էր, թե այս համաժողովի շրջանակներում հնարավոր է նաև բարձրաստիճան հանդիպում տեղի ունենա Ռուսաստանի պաշտոնյաների մասնակցությամբ։ Մոսկվան, սակայն, հավաքին պաշտոնապես հրավիրված չէ, համաժողովի կազմակերպիչները ևս հայտարարում են, թե նման ձևաչափ չեն նախատեսել։

Ուկրաինայի առաջնորդն իր հերթին այսօր շեշտել է՝ Պուտինի հետ կհամաձայնի դեմ առ դեմ հանդիպել միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասնական կարգավորման ծրագիր մշակեն։

XS
SM
MD
LG