Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է․ փաստաբան


Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատարանում, Բաքու, 19-ը փետրվարի, 2025թ.
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատարանում, Բաքու, 19-ը փետրվարի, 2025թ.

Այս ամիս Կարմիր Խաչն այցելել է Վարդանյանին ու մյուս ռազմագերիներին:

9-րդ օրը հացադուլ անող Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է երեկվա դատական նիստի ընթացքում: Ըստ ադրբեջանական պետական «Ազերթաջ»-ի, բժիշկն այցելել է դատարան, սակայն ընդմիջումից հետո նիստը միևնույն է շարունակվել է:

Քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է, հայտարարում է փաստաբան Ջարեդ Գենսերը:

«Վարդանյանի դատավարությունը երեկ շարունակվել է՝ չնայած նրա առողջական վիճակի վատթարացմանը և դատավարությունը հետաձգելու բազմաթիվ միջնորդություններին։ Մասնավորապես, Ռուբենի զարկերակային ճնշումը եղել է վտանգավոր բարձր, ինչը պահանջել է բժշկական օգնություն։ Նրա զարկերակը նորմայից զգալիորեն բարձր է եղել: Նա հյուծված տեսք է ունեցել ու մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել», - մանրամասնել է ամերիկացի փաստաբանը:՝ ընդգծելով. - «Պարտադրել Ռուբենին մասնակցել այս դատավարությանը, երբ նրա առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում, նվազագույնը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է կամ պատիժ»:

Իր հայտարարությունում, որը հրապարակված է Վարդանյանի ֆեյսբուքյան էջում, Գենսերը կոչ է անում միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներն, դիմել թույլտվություն ստանալու՝ Վարդանյանին այցելելու համար, խնդրում է անկախ դատական փորձագետներին հետևել Վարդանյանի «դատավարությանը»՝ համոզվելու համար, որ նրա իրավունքները լսումների ընթացքում հետայսու ևս չեն ոտնահարվի:

«Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալ մեր միջազգային թիմի բժշկին այցելելու նրան, անհապաղ կերպով ապահովելու անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ներառյալ նրա առողջական վիճակի մոնիտորինգը, որի կարիքը նա ունի, ինչպես նաև հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը:

Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի», - ասված է Ջարեդ Գենսերի հայտարարությունում:

Ռուբեն Վարդանյանն անցած շաբաթ ընտանիքի միջոցով փոխանցել էր, որ ծայրահեղ քայլով՝ հացադուլով բողոքում է Ադրբեջանում իր դեմ իրականացվող անօրինականությունների ու ճնշումների, դատական ֆարսի դեմ:

Ժամանակ առ ժամանակ հայ ռազմագերիներին այցելող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն չի բացահայտում՝ այս ամիս, հերթական այցելության ժամանակ արդյոք Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր: Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին միայն հաստատեց, որ փետրվարին այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիներին:

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում փետրվար ամսին հերթական տեսակցություն են կատարել բոլոր հայ պահվող անձանց, որոնց անունները մեր կազմակերպությանը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները», - «Ազատությանը» փոխանցեց Ամատունին՝ շարունակելով. - «Տեսակցություններն անցել են ըստ ԿԽՄԿ ընթացակարգերի, այսինքն՝ մեր ուշադրության կենտրոնում եղել է անձանց առողջական վիճակը, նրանց պահման պայմանները, անձանց հանդեպ վերաբերմունքը: Եվ առանձնազրույցների ընթացքում, ինչպես սովորաբար, այնպես էլ այս անգամ տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել հարազատների հետ»:

Հացադուլ հայտարարելիս Վարդանյանն անցած շաբաթ դիմել էր իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին, աշխարհի առաջնորդներին. ահազանգել էր՝ զրկված է պաշտպանության իրավունքից, միջազգային փաստաբանների հետ շփումներից, մեղադրանքն իրեն հասանելի չէ, իսկ ադրբեջանցի պաշտպանի վրա կան ճնշումներ:

Պատմել էր, որ 422 հատորներում ամփոփված ու 40-ից ավելի մեղադրանք պարունակող գործին ծանոթանալու բավականաչափ ժամանակ չեն տվել: Իրեն ենթարկում են հոգեբանական ճնշումների, իսկ միջազգային իրավաբանական թիմին արգելում շփվել կամ հանդիպել իր հետ, ստանալ գործի նյութերը:

Արցախում ընդամենը երեք ամիս պետնախարար աշխատած և երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքուն մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու ու վարելու, վարձկանության, արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեսիս 2» կամ ահաբեկչական գործողություններ ծրագրելու և այլ ծանր հոդվածներով:

Նիստը լուսաբանող ադրբեջանական պետական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Վարդանյանը երեկ հրաժարվել է ցուցմունք տալ, չի պատասխանել մեղադրողների հարցերին, օրինակ՝ Հայաստանից Արցախ «անօրինական մուտք գործելու, ադրբեջանական տարածքների օկուպացիայի» մասին: Ադրբեջանցի դատախազներին հետաքրքրել են նաև Վարդանյանի կապերը Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, որոնց անունները ևս շրջանառվում են հայերի դեմ մեղադրանքներում:

Արցախի նախկին պետնախարարին մինչև ցմահ ազատազրկում է սպառնում:

Վարդանյանի համախոհներից «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ նախկին պետնախարարի նամակը միջազգային հանրությանը դեռ արձագանք չունի:

«Պարոն Վարդանյանի ուղերձն էլ հրապարակային էր: Խնդիրը ոչ թե վերաբերում է միայն Ռուբեն Վարդանյանին, այլ ակնհայտ է, որ միջազգային նորմերի ակնհայտ խախտումներ են, և դա ավելի շատ ոչ թե կարող ենք համարել խնդրանք կամ բարի կամքի դրսևորում, դա միջազգային հանրության պարտականությունն է՝ միջազգային բոլոր նորմերը պահպանելը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Առաքելյանը:

Վարդանյանի հետ ադրբեջանական բանտերում են Արցախի նախկին նախագահները, զինվորական և քաղաքական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, նաև այլ հայեր: Բաքվի բանտերում պաշտոնական տվյալներով այս պահին 23 հայ է պահվում, այժմ ընթանում է նրանցից 16-ի դատավարությունը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում մյուս 15-ից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG