Արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր ՄԱԿ-ի ամբիոնից առաջին անգամ միջազգային ատյանում հրապարակային անդրադարձել է Բաքվում ընթացող դատավարությանը: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշատակել է Ադրբեջանում պահվող պաշտոնապես հաստատված բոլոր գերիներին:
«Հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները», - հայտարարել է Միրզոյանը:
Այժմ ընթացող երկու դատական գործերով անցնում են 16 հայեր՝ այդ թվում Արցախի երեք նախկին նախագահները, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը շուրջ մեկ շաբաթ է հացադուլ է անում՝ բարձրաձայնելով իր նկատմամբ ճնշումների ու ապօրինությունների մասին: Բաքուն հայերին ծանրագույն մեղադրանքներ է առաջադրել՝ ցեղասպանությունից մինչև ահաբեկչություն:
Արցախի ղեկավարությանը Բաքվում դատելուն հայաստանյան հարցազրույցում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով հետախուզության տեղեկությունները, որ ադրբեջանցիներն արգելված հոգեմետ միջոցներով կարող են ցուցմունքներ կորզել հայերից՝ հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ում այսօրվա ելույթում նաև խաղաղության հեռանկարին է անդրադարձել՝ նորից խոսելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին.
«Մեր արևելյան հարևանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չնայած միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը, ի թիվս այլոց, վերահաստատել էր, որ Հայկական և Ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետությունների վարչական սահմանները դարձել էին անկախ հանրապետությունների միջազգային սահմաններ»:
Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ հայկական կողմը Բաքվին առաջարկներ է ուղարկել թե՛ խաղաղության պայմանագրի և թե՛ ճանապարհների բացման ու սպառազինությունների փոխադարձ վերահսկման վերաբերյալ: Դատելով, սակայն, հայաստանցի պաշտոնյաների հայտարարություններից՝ ամիսներ շարունակ Ադրբեջանը չի արձագանքում:
«Մենք համոզված ենք, որ երկու կողմերի կառուցողական արձագանքը, հետագա ներգրավվածությունը և քաղաքական կամքի դրսևորումը մեծապես կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Հենց այս համատեքստում ես կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ թշնամանքի էջը շրջելու և ինստիտուցիոնալիզացված խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև չենք շեղվելու այդ ուղուց», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:
Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված դրույթներից են միջազգային դատական ատյաններից հայցերի հետքաշումն ու երրորդ երկրների ուժերի բացառումը սահմաններին: Բայց Ադրբեջանը զուգահեռ նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախապայման է դրել: Իսկ երկաթուղին փոխադարձաբար միմյանց տարածքով գործարկելու Երևանի առաջարկը Բաքուն որակել է գործնական նշանակություն չունեցող: