Մատչելիության հղումներ

Միջազգային ատյաններում չեն ստորագրի Բաքվում խոշտանգումներով կորզած ցուցմունքերի տակ․ Արա Ղազարյան


Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան
Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան

Բաքվի զինվորական դատարանում երեկ շարունակվել է Արցախի ռազմական ու քաղաքական նախկին ղեկավարների դատավարությունը: Այդ մասին տեղեկություններ հրապարակվում են միայն ադրբեջանական իշխանության ենթակայությամբ գործող լրատվամիջոցներով:

Ըստ պետական «Ազերթաջ»-ի՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ դատարանում ասել է, թե իբրև ղարաբաղյան հակամարտույթունը խորհրդային հետախուզական ծառայությունների դրդմամբ է տեղի ունեցել և իրենք զոհ են:

«Կոնֆլիկտը սկսեց հենց 88 թվականից՝ Սումգայիթից, իրենք փորձում են 88 թվականից վերագրել Հայաստանին որպես ագրեսոր երկիր, ուղղակի այն ժամանակ որպես Խորհրդային միության հետախուզական ինչ-ինչ ծրագրեր իրականացնող, հետագայում արդեն անկախ Հայաստանի ագրեսիվ ծրագրեր իրականացնող։ Սա քաղաքական վերլուծություն է, որ կարելի է անել», - «Ազատության» հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Արա Ղազարյան
Արա Ղազարյան


Իսկ միջազգային իրավական հարթությունում Բաքվում ճնշումներով կորզած ցուցմունքները օրինական ուժ չունեն, Բաքվին չեն հավատա, պնդում է միջազգային իրավուքնի մասնագետը:

«Իրավական գործընթացներում իրենք չեն նայում, թե մեղադրյալն ինչ է ասում, իրենք նայում են, թե մեղադրյալն ինչ պայմաններում է դա ասում, և այնտեղ կան մի քանի տասնյակ հիմնարար արդար դատաքննության իրավունքների մեջ մտնող չափանիշներ, որ պետք է համապատասխանի, որպեսզի այս ցուցմունքներն արժանահավատ լինեն»։, - ասաց Ղազարյանը

Արցախի նախկին ղեկավարներից միայն Ռուբեն Վարդանյանին է հաջողվել ընտանիքի միջոցով ահազանգել Բաքվի ճնշումների մասին, որ իրեն վերագրվող ցուցմուքները կեղծ են, հորինված և իր ու փաստաբանի ստորագրությունը ճնշումներով է այդ գործերի տակ դրվել:

Այս դատավարությունները փակ են, անկախ լրատվամիջոցներ կամ միջազգային անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ չեն կարող մասնակցել: Անգամ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբանին թույլ չեն տալիս Բաքու մտնել: Հայերին պաշտպանում են ադրբեջանցի փաստաբաններ։

«Միձազգային մարմինները դրանց տակ չեն ստորագրի, չեն ընդունի որպես արժանահավատ ցուցմունք, նրանք իրենց գիծն են առաջ տանելու, որ այդ դատավարությունը լեգիտիմ չէ, որ ցուցմունքները ստացել են խոշտանգումների արդյունքում, որ արդար դատաքննության երաշխիքներն ապահովված չեն, հետևաբար այն, ինչ ասվում է, կարելի է օգտագործել միայն ներքին խոհանոցում, բայց դուրս հանել՝ միջազգային հարթակներում կապիտալիզացնել, դա գուցե միայն ոչ հանրային քաղաքական բանակցություններում, իսկ Հաագայի կամ Ստրասբուրգի դատարանում դա չի աշխատելու», - ասաց Ղազարյանը։


Նախորդ նիստերից մեկում էլ, ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցների, Արայիկ Հարությունյանն իբրև ասել էր, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի հրթիռակոծման հրամանն ինքը չի տվել, այդպիսի իրավունք չուներ:

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համոզմամբ, Բաքուն շինծու ցուցմունքներով ընդհուպ Հայաստանի վրա հարձակման հող կարող է պատրաստել։

«Ես կարծում եմ, որ երկու նպատակի կարող է ծառայել, առաջինը՝ բանակցային գործընթացում դառնալու է Հայաստանի դեմ լրացուցիչ շանտաժի միջոց, որով փորձ է արվելու բանակցային գործընթացում նորանոր զիջումներ կորզել Հայաստանի Հանրապետությունից և երկրորդը՝ որևէ մեկը չի կարող բացառել, որ համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պայմաններում Ադրբեջանը կարող է գնալ նաև որոշակի ուղղութուններում ռազմական գործողությունների», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան


Եթե նախկինում Հայաստանին ագրեսոր էին որակում, հիմա արդեն ֆաշիզմի համար են մեղադրում ու ակտիվ աշխատում են նաև միջազգային քաղաքական հարթակներում, ասում է ընդդիմադիր պատգամավորը, իսկ Հայաստանն, ըստ նրա, դրա դեմ չի պայքարում:

Վարչապետ Փաշինյանը, որ լուռ էր ու չէր արձագանքում անգամ Ռուբեն Վարդանյանի ահազանգած ճնշումներին, օրեր առաջ խոսեց, թե Բաքվում պահվող հայերի նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, ցուցմունքներ կորզում՝ հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար:

«Ավելին՝ մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից։ Մենք շատ մտահոգված ենք այդ պրոցեսով», - հայտարարել է գործադիրի ղեկավարը։

Ըստ «Ազերթաջ»-ի՝ դատավարությունը կշարունակվի փետրվարի 24-ին։ Հաջորդ նիստին խոսելու է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ծանր հանցագործությունների համար են մեղադրվում՝ ռազմական ահաբեկչական: Ռուբեն Վարդանյանի դատավարությունն անռանձին է: Վարդանյանը երրորդ օրն է՝ հացադուլ է հայտարարել, նա երկրորդ անգամ է ծայրահեղ քայլի դիմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG