Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել. Արցախի նախկին պետնախարարը ընտանիքի միջոցով հայտնել է, որ այս կերպ բողոքում է դատական ֆարսի դեմ:
Ծավալուն հայտարարությունում նա պատմում է իր իրավունքների կոպտագույն խախտումների, հոգեբանական ճնշումների մասին, նաև, որ զրկված է պաշտպանության իրավունքից, 422 հատորանոց ու սխալներով թարգմանված գործի նյութերին ծանոթանալու բավարար ժամանակ չեն տրամադրել, իսկ իր միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել իր հետ ու ստանալ գործի նյութերը:
« Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց: Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է», - հայտարարել է Վարդանյանը:
Սա ադրբեջանական բանտում Ռուբեն Վարդանյանի առաջին հացադուլը չէ:
Նրա մեղադրանքի ծավալն այնքան մեծ է, որ մի քանի դատական նիստը բավարար չէր այն ավարտելու համար: Հայաստանում կամ Արցախում որևէ ռազմական գործողության չմասնակցած նախկին պետնախարարին մինչև ցմահ ազատազրկում է սպառնում:
Վարդանյանից առանձին Բաքվի նույն՝ ռազմական դատարանում ընթանում է նաև Արցախի մյուս նախկին ղեկավարների դատավարությունը: Երեկ հրապարակվել է նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ու մյուս պաշտոնյաների մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Մեղադրող դատախազները պնդում են, թե Արցախի նախկին ղեկավարներն ու զինվորականներն այլ անձանց հետ միասին բազմաթիվ պատերազմական հանցագործություններ են իրականացրել։ Երեկ նրանց է նաև վերագրվել 1988 թվականից մինչև 2024 թվականն ավելի քան 18 հազար ադրբեջանցու սպանությունը, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։
Դատավարությունը լուսաբանող ադրբեջանական պետական լրատվամիջոցները, սակայն, մեղադրանքները հաստատող ապացույցներ չեն հրապարակել նիստից։
Մեղադրող դատախազները պնդում են, թե Բաքվի դատարանի առջև կանգնած 15 հայերը, այդ թվում՝ Արցախի 7 նախկին ռազմաքաղաքական ղեկավարները մասնակցություն են ունեցել նաև ավելի քան 56 հազար անձի նկատմամբ սպանության փորձին կամ մարմնական վնասվածքներ հասցնելուն։
Օհանյան. Ադրբեջանը ցանկանում է սեփական պատերազմական հանցագործությունները վերագրել Հայաստանին
Անդրադառնալով այս մեղադրանքներին՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասում է՝ Ադրբեջանը ցանկանում է սեփական պատերազմական հանցագործությունները վերագրել Հայաստանին:
«Այդտեղ փորձում են դատել ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու բազմաթիվ այլ գերիների, այլ փորձում են դատել Հայաստանին և Ադրբեջանի հանցագործ պահվածքի ամբողջ մեղադրանքի շառավղի ուղղությունը, սլաքները փորձելու են ուղղել Հայաստանի վրա», - ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Սեյրան Օհանյանի անունն էլ է շեշտվում մեղադրական եզրակցության մեջ, ի թիվս Հայաստանի ու Արցախի մյուս նախկին նախագահների ու ռազմաքաղաքական ղեկավարների։ Նրանք ներկայացվում են իբրև Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի հետևում կանգնած անձինք։
«Բոլոր պատերազմների ժամանակ Ադրբեջանն է, որ խաղաղ բնակչության և պատմամշակութային արժեքների նկատմամբ կիրառել է ուղղակի վայրագություններ, իսկ հիմա ինքներդ տեսնում եք, թե ինչպես ներ նրանք հետևողականորեն վերացնում հայկական հետքն Արցախում և ոչնչացնում մեր պատմամշակութային արժեքները», - նշեց նա:
Օհանյանը Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատը բեմականացված՝ շինծու է համարում։ Հայտարարում է՝ Բաքուն ինչ մտացածին մեղադրանք ասես կարող է ներկայացնել հայերի դեմ՝ առանց հստակ փաստերի։ Շեշտում է՝ թե՛ արցախյան շարժման ընթացքում, թե՛ հետո 2016-ին, 2020 ու 2023-ին ադրբեջանական կողմն է ագրեսիան նախաձեռնել արցախցիների դեմ։
Արցախյան առաջին պատերազմին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության կոմիտեի շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Օհանյանն ասում է՝ շարժման ընթացքում հայկական կողմը ինքնապաշտպանվել է, ադրբեջանցի խաղաղ բնակիչներին էլ միջանցնքեր՝ տրամադրել։
«Ադրբեջանի ռազմական հենակետերի չեզոքացման ոչնչացման շրջանակներում Արցախի պաշտպանական ուժերը բոլոր մարդասիրական նորմերը պաշտպանել են և՛ խաղաղ բնակչության, և՛ պատմամշակութային արժեքների, իսլամական մզկիթների նկատմամբ», - ներկայացրեց Սեյրան Օհանյանը:
Բաքվի դատարանը ոչ ուղիղ նաև Ռուսաստանին է մեղադրում Հայաստանին զինամթերք վաճառելու համար
Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում նաև շեշտվում է Ադրբեջանի ռազմական կորուստները։ Ըստ մեղադրող կողմի՝ անցած պատերազմների ընթացքում ադրբեջանական կողմը 9 միլիոն մանաթի` ավելի քան 5 միլիոնդ դոլարի վնաս է կրել։
Դատավորը մեղադրական եզրակցության ավարտից հետո մասնավորապես Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ու Արկադի Ղուկասյանից հետաքրքրվել է՝ արդյոք նրանք ընդունո՞ւմ են իրեն մեղադրանքներ։ Վերջիններս, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դատարանից խնդրել են փակ հանդիպում իրենց պաշտպանների հետ, որ պատասխանեն իրենց ուղղված հարցին։
Բաքվի դատարանը ոչ ուղիղ նաև Ռուսաստանին է մեղադրում Հայաստանին զինամթերք վաճառելու համար, որը հետո հայտնվել է Արցախում։ Երեկ հնչած մեղադրանքներին Հայաստանի իշխանությունից չեն արձագանքել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվի դատավարությունը օրերս թատերականացված էր որակել, անգամ չէր բացառել, որ ադրբեջանցիները արգելված միջոցներով ցուցմունքներ կորզեն Բաքվում պահվող հայերից՝ հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար:
Մինչ այդ միջազգային իրավունքի մասնագետները շարունակում են հայտարարել՝ առանց պատշաճ պաշտպանության ՝ խախտվում է Բաքվի դատարանի առջև փաստացի միայնակ կանգնած հայերի արդար դատաքննության իրավունքը։