Մատչելիության հղումներ

«Որոշել եմ հացադուլի միջոցով բողոքս հայտնել՝ ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի». Ռուբեն Վարդանյան


«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել՝ ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի», - նշել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունում՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի:

Հայտարարությունը Վարդանյանը փոխանցել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը», - նշել է Արցախի նախկին պետնախարարը:

«Չնայած, որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով: Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը: Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր», - նշված է հայտարարությունում:

Վարդանյանը հավելել է նաև, որ իրեն «ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից»: «Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը»:

«Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին», - նշել է Վարդանյանը:

Նա նաև ընդգծել է, որ իրեն չի թույլատրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում. - «Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է»:

«Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց», - ասված է հայտարարությունում:

Դիմելով աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Ռուբեն Վարդանյանն ընդգծել է՝ «այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում»:

«Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել», - հայտարարել է նա։

Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու համար։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է նաև արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձևակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։

Արցախի նախկին պաշտոնյան Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետում՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG