Բաքվում փետրվարի 20-ին շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը փոխանցում է, որ դատական նիստի ժամանակ որևէ մեկը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Արայիկ Հարությունյանը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ասել է, թե Ղարաբաղյան կոնֆլիկտի ծագումը հրահրել են «խորհրդային հատուկ ծառայությունները»:
Դատական հերթական նիստը նշանակվել է փետրվարի 24-ին:
Հաջորդ նիստը նախատեսվում է սկսել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ցուցմունքով:
Արցախում երկու առանձին դատավարություններ են ընթանում հայերի դեմ՝ երկուսն էլ ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարաններում, ընդ որում՝ անկախ լրատվամիջոցների ու միջազգային իրավապաշտպան կառույցների աչքից հեռու: Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը մյուս 15 հայերի, այդ թվում՝ Արցախի 7 նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից առանձնացված է քննվում։ Ռուբեն Վարդանյանը 3-րդ օրն է՝ հացադուլ է սկսել. երեկ ընտանիքի միջոցով դիմել էր աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին, պատմել իր նկատմամբ «ադրբեջանական ապօրինությունների մասին», հայտարարել՝ «հրաժարվում է մասնակցել դատական ֆարսին»։
Հայաստանի վարչապետը վերջերս տված հարցազրույցում հայտարարեց՝ հետախուզական տեղեկություններ ունեն, որ Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ «հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից»։
Արցախի ղեկավարներին առաջադրվել են ցեղասպանության, ահաբեկչության ու ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու մեղադրանքներ։