Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է հացադուլը Բաքվի բանտում, «Ազատությանը» փոխանցեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Այս դատավարությունը ֆարս որակող Ռուբեն Վարդանյանը 8 օր առաջ էր հացադուլ հայտարարել՝ բողոքելով Ադրբեջանում իր դեմ «իրականացվող անօրինականություններից ու ճնշումներից»։
Վարդանյանի հացադուլը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, չի խանգարել, որ այսօր շարունակվի նաև նրա դատը: Ընտանիքի միջոցով նա մեկ շաբաթ առաջ դիմել էր աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին, պատմել, որ զրկված է պաշտպանության իրավունքից, միջազգային փաստաբանների հետ շփումներից, իսկ ադրբեջանցի պաշտպանի վրա կան ճնշումներ, իր դեմ մեղադրանքն իրեն հասանելի չի եղել։
Իսկ այդ մեղադրանքներն ադրբեջանցիները 422 հատորում են ձևակերպել՝ Արցախում ընդամենը 3 ամիս պետնախարար աշխատած Վարդանյանին վերագրելով Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու ու վարելու, վարձկանության ու էլի 40-ից ավելի հանցագործություններ, այդ թվում՝ արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեսիս 2» կամ ահաբեկչական գործողություններ ծրագրելու համար։ Հայաստանում կամ Արցախում որևէ ռազմական գործողության չմասնակցած, որևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին մինչև ցմահ ազատազրկում է սպառնում:
«Առնվազն այս պահին որևէ էական արձագանք և այդ ուղղությամբ աշխատանքներ միջազգային հանրության կողմից դեռևս չկան, պարոն Վարդանյանի ուղերձն էլ հրապարակային էր: Միջազգային նորմերի ակնհայտ խախտում է, և դա ավելի շատ կարող ենք համարել ոչ թե խնդրանք կամ բարի կամքի դրսևորում, դա միջազգային հանրության պարտականությունն է միջազգային բոլոր նորմերը պահպանելու», - ասաց Առաքելյանը:
Ռուբեն Վարդանյանի հացադուլին ադրբեջանական լրատվամիջոցները չեն անդրադառնում, նրա առողջական վիճակին՝ նույնպես։ Միջազգային կառույցների ու անկախ լրատվամիջոցների բացակայությամբ ընթացող այս նիստերից պատառիկներ միայն ուշ երեկոյան են հրապարակվում բացառապես ադրբեջանական պետական լրատվամիջոցի մատուցմամբ։
Հենց ադրբեջանական աղբյուրները փոխանցեցին՝ նախորդ նիստում հրապարակվել է Վարդանյանի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։
Հայ գերիների դատավարությունների մեկնարկից հետո առաջին անգամ ՄԱԿ-ի ամբիոնից միջազգային ատյանում թեմային երեկ հրապարակային անդրադարձել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը. «Հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները»:
Նա այդ դատերը կեղծ որակեց, հայերի ազատազրկումը՝ կամայական: Նրան հակադարձեց Ադրբեջանից փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, թե «պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին պատասխանատվության ենթարկելը ոչ միայն Ադրբեջանի իրավունքն է, այլև միջազգային իրավունքի պարտավորությունը»:
Ժամեր անց փոխարտգործնախախար Պարույր Հովհաննիսյանն արդեն ԱԺ-ում եվրոպացի պատգամավորների առջև հայ ռազամագերիների մինչև հիմա Բաքվում գտնվել ամոթալի համարեց. «Այդ դատավարությունները շատ հեռու են նորմալ դատական գործընթաց լինելուց»:
Բաքվում հայերի դեմ դատավարության մեկնարկին լռություն պահպանող բարձրաստիճանները սկսել են հրապարակային քննադատել: Վարչապետն ավելի վաղ դրանք թատերականացված է որակել, կարծիք հայտնել՝ դա ՀՀ դեմ է օգտագործվելու։
ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, մեկ է, դժգոհ է իշխանությունից. «Փաստացի այս պահին ոչինչ չի արվում խորհրդարանական դիվանագիտության, գործադիր դիվանագիտության, մի շարք խողովակներով դա պիտի լիներ առաջնային կետերից մեկը: <> Եթե մի կաթիլ արած լինեին, անդադար դրա մասին պիտի որ խոսեին»:
Երեկ հետաձգվել էր Վարդանյանի գործից անջատ ընթացող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների դատը՝ ինչպես պնդում են ադրբեջանական աղբյուրները, եղանակի պատճառով: Բաքուն հայերին ծանրագույն մեղադրանքներ է առաջադրել, դատում է ռազմական դատարանում: