Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ամենևին պարտադիր չի համարում ասել՝ ինչ է անում պետությունը կամ անում է արդյոք Ադրբեջանի դատարանի առջև կանգնած հայ գերիների հարցով:
«Շատ զգայուն է, և շատ մեկնաբանություններ հարցի հետ կապված չեմ կարող տալ մի պարզ պատճառաբանությամբ, որ տրվող մեկնաբանությունը գուցե ինչ-որ առումով խանգարի մեր այն մարդկանց, որ գտնվում են այդ իրավիճակում», - ասաց նա:
3-րդ օրն է՝ Բաքվում անցկացվող «դատավարության» դեմ արդեն երկրորդ անգամ բողոքի հացադուլ է սկսել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Հրապարակային արձագանք Երևանից չկա: Ռուբեն Վարդանյանը երեկ ընտանիքի միջոցով դիմել էր աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին, պատմել իր նկատմամբ «ադրբեջանական ապօրինությունների մասին», հայտարարել՝ «հրաժարվում է մասնակցել դատական ֆարսին»։
Հիմնավորել էր, որ իր դեմ մեղադրանքն իրեն հասանելի չի եղել, զրկված է պաշտպանության իրավունքից, միջազգային փաստաբանների հետ իր շփումներից, իսկ ադրբեջանցի փաստաբանի վրա կան ճնշումներ՝ նրա գործողություններն էլ են սահմանափակվում. «Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը, սա հարված է ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելու», - հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:
Ձերբակալությունից ընդամենը մեկ տարի առաջ Արցախ բնակության տեղափոխված ու 3 ամիս պետնախարար եղած Ռուբեն Վարդանյանի մեղադրանքներն ադրբեջանցի դատախազները 422 հատորներում են նկարագրել՝ «ահաբեկչության ֆինանսավորումից, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծել, ագրեսիվ պատերազմ ծրագրել ու վարելուց մինչև խոշտանգումներ»:
Բաքվի դատավարությունը «թատերականացված» համարող վարչապետ Փաշինյանը, որ ավելի վաղ հետախուզական տվյալներին հղում անելով, հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որ ցուցմունքներ կորզեն, նախօրեին վստահեցրել էր, որ գերիների խնդրին հետամուտ են։ Բայց նա էլ չէր հստակեցրել ինչպես:
Վարդանյանի համախոհները դժգոհ են, պետության քայլերը չեն տեսնում:
«Մեր իշխանությունը համրուխուլ է, պատմությունն իրենց չի ներելու», - ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Նա Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խախտումներն ուղարկել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ միջազգային դերակատարներից ակնկալելով հրատապ քայլեր Բաքվի բանտերում գտնվող հայերին ազատ արձակելու ուղղությամբ։
«Տեղեկատվության տոտալ բացակայության պարագայում, երբ մեր իշխանությունները որևէ բան չեն անում, ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց պրոպագանդան, իրենց կեղծ թեզերը տարածել: Իր կյանքը վտանգի տակ դնելով նման տեղեկություն փոխանցել իր ընտանիքի միջոցով աշխարհին, հանրությանը և մեզ՝ սա զուտ հարված է իր անվտանգությանը, կյանքին», - շեշտեց Մանե Թանդիլյանը:
Արցախում երկու առանձին դատավարություններ են ընթանում հայերի դեմ՝ երկուսն էլ ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարաններում, ընդ որում՝ անկախ լրատվամիջոցների ու միջազգային իրավապաշտպան կառույցների աչքից հեռու: Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը մյուս 15 հայերի, այդ թվում՝ Արցախի 7 նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից առանձնացված է քննվում։
Արցախի ղեկավարներին առաջադրվել են ցեղասպանության, ահաբեկչության ու ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու մեղադրանքներ։ Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ նաև Հայաստանի ու Արցախի նախկին ղեկավարներին են մեղադրանքներ վերագրվում։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը ևս մեղադրականում հիշատակվում է:
«Ամեն ինչ պետք է արվի, որ ցեղասպան և հանցագործ Ադրբեջանն իր պատիժն ստանա: Այդ առումով գտնում եմ, որ չափազանց բացասական երևույթ է, երբ հայցեր չեն ներկայացվում, կամ խոսակցություն է գնում, որ Բաքվի նպատմամբ հանցագործություն կատարելու առումով միջազգային հայցերը կարող են վերադարձվել», - նկատեց Օհանյանը:
Երբ արդար դատաքննությունն ապահովված չէ, միջազգային իրավունքի մասնագետ, հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանն անգամ անիմաստ է համարում դետալներին անդրադառնալը. «Ադրբեջանական կողմը փորձում է հնարավորինս ձևով շոու trial անել՝ ինքն իր դատավարությունն անել: Սա հետապնդում է քաղաքական նպատակ, որովհետև եթե ուզենային սա անել արդարացիորեն, թող ստեղծեին համաշխարհային միջազգային տրիբունալ»: