Պաշտոնական Երևանը վերահաստատում է՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին՝ շեշտել է՝ ՀՀ բանակը Կառավարությանը ենթակա մարմին է և գործում է հենց այս տրամաբանությամբ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Բադալյանը նախ հիշեցրել է ՀՀ պատրաստակամությունը՝ հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում, ինչպես նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը՝ արձանագրելով՝ մինչև այս պահն Բաքվից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցվել Երևանին, Ադրբեջանը չի արձագանքել նաև հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկին։
Հաջիզադեն Հայաստանին մեղադրել է նաև բարդ և գործնականում անիրագործելի նախաձեռնություններ առաջ քաշելու մեջ։
Բադալյանն այօր հակադարձել է՝ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին և «տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի, և Հայաստանն առաջարկում է սկսել խորհրդակցությունները դրա ստորագրման տեղի և ժամկետների մասին»։
«Ակնհայտ է, որ առաջակվող գործընթացը ո՛չ բարդ է, ո՛չ էլ անիրագործելի», - նկատել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Բաքուն Երևանից նաև պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Անի Բադալյանի խոսքով՝ Երևանն արդեն հայտնել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին, սակայն «ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո։
Հակադարձելով Ադրբեջանի մյուս պնդմանը, թե ՀՀ Սահմանադրությունում տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ, Բադալյանը նշում է՝ ընդհակառակը, Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի՛ Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։
«Բայց նաև կարծում ենք, որ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը», - ասել է ԱԳՆ խոսնակը։