Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանագոտում հայկական կողմից հրադադարի խախտումների մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության այսօրվա երկրորդ հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ին՝ ժամը 12:30-15։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - փոխանցում է Հայաստանի ՊՆ լրատվական վարչությունը։
Բաքվի պնդմամբ՝ հայկական կողմն իբր հրադադարը խախտել է Գորիսի և Վարդենիսի ուղղություններում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերստին հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
«Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում», - ընդգծում է ՀՀ ՊՆ լրատվականը։
Սա վերջին հինգ օրվա ընթացքում Բաքվի արդեն 12-րդ նման հաղորդագրությունն է, Երևանը դրանք բոլորը հերքել է։ Կրակոցների մասին Բաքվի պնդումներն այսօր «Ազատության» հետ զրույցներում հերքել են նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղերից։
Նախօրեին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց՝ Երևանն իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում կատարեց՝ նշելով, որ «Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի» և որ իր հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ «Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել»։
Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։