Մատչելիության հղումներ

Երևանը հայտնել է իր մոտեցումը Բաքվի 12-րդ առաջարկի վերաբերյալ


Հայաստանը հայտնել է իր մոտեցումը ադրբեջանական 12-րդ առաջարկի վերաբերյալ, այսօր հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ չհստակեցնելով՝ արդյոք Երևանի դիրքորոշումը նույնն է մնացել:

Հայաստանի նախորդ առաջարկները ուղարկելուց հետո վարչապետն ընդհանուր գծերով բացահայտել էր նախագծի երկու չհամաձայնեցված հոդվածներին հայկական մոտեցումները, որ Երևանի համար ընդունելի է խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելը, սահմանազատված հատվածներում էլ դիտորդներ չտեղակայելը:

Բայց պայմանագիրը ստորագրված չէ, նշանակում է՝ Ադրբեջանը անհամաձայնություններ ունի, մասնավորապես ինչպիսի՞, հայկական կողմը չի բացահայտում:

«Ազատություն»-ը արտգործնախարար Միրզոյանից այսօր հետաքրքրվեց՝ հայկական մոտեցումները փոխվե՞լ են, արդյոք Երևանը համաձայն է հայցերը հետ քաշել նախքան պայմանագրի ստորագրումը։

«Երևույթները, որոնք Դուք նշեցիք, և մի շարք այլ հարցեր, քննարկվում են խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում, և հետևաբար՝ եթե համաձայնեցվում են, կարող են և պարտադիր պետք է կիրառվեն պայմանագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո», - հայտարարեց Միրզոյանը։

Ադրբեջանի պատասխանը ստանալու մասին Երևանը փետրվարի 25-ին հայտարարեց: Բաքուն հայկական առաջարկներին պատասխանեց երեքուկես ամիս մտածելուց հետո:

Միրզոյանն ասաց՝ առաջիկայում հնարավորություն կլինի ադրբեջանական կողմի հետ քննարկել «Հայաստանի մոտեցումներն ու խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման ու վավերացման հետ կապված բոլոր հարցերը»: Արդյոք նոր բանակցության համաձայնություն կա, որտե՞ղ ու ե՞րբ, չհստակեցրեց: Նաև չհիմնավորեց, թե որտեղի՞ց այդպիսի լավատեսություն, որ Երևանն արդեն պատրաստվում է քննարկել խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու ընթացակարգերը:

Դեռ երկու օր առաջ նույն Միրզոյանը հայտարարում էր՝ Ադրբեջանը կառուցողական չէ: Այսօր ասաց՝ եթե կառուցողական լինի, մոտ ապագայում կողմերը կարող են շոշափելի հաջողություններ ունենալ: Ընդ որում՝ չբացառեց, որ հայ - ադրբեջանական կարգավորումը կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քան ռուս - ուկրաինականը:

«Իհարկե, մեկ փաստաթղթով բոլոր խնդիրները չեն լուծվի, մենք, սա կարող է լինել սկիզբը խաղաղության գործընթացի, ըստ էության, ոչ թե վերջնարդյունքը, և կմնան խնդիրներ, որոնք մենք երկկողմ ջանքերով կկարողանանք շարունակել կարգավորել, մանավանդ որ նույն համաձայնագրում նախատեսված են հետագա երկկողմ աշխատանքներ և խնդիրները կարգավորելու մեխանիզմներ։ Նույն կերպ մենք նաև պատրաստ ենք օր առաջ դրական ավարտին հասցնել մեր երկխոսությունը Թուրքիայի հետ։ Էնպես որ, էս գործընթացները ինչ-որ առումով կարող են նույնիսկ առաջ անցնել կամ զուգահեռ ընթանալ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններին», - ասաց Հայաստանի արտգործնախարարը։

Արարատ Միրզոյանն այսօր ԱԳՆ-ում Նիդերլանդների իր գործընկերոջ հետ էր մամուլի ասուլիս տալիս: Կասպար Վելդկամպն ասաց՝ խաղաղությունը Հարավային Կովկասում շատ կարևոր է Եվրոպայի համար:

Նիդերլանդները նաև հայ - թուրքական կարգավորումն է սատարում: Նա Անկարայից է եկել Երևան, վստահ էր, որ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան հարաբերությունները նորմալացնելու կամք ունեն:

Հայաստանցի լրագրողներին առավելապես հետաքրքրում էր՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման համար Եվրամիությունն ու, մասնավորապես, Նիդերլանդները ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել։ Կան մտահոգություններ նրանց խոշտանգելու վերաբերյալ, իսկ ադրբեջանական բանտում անօրինությունների վերաբերյալ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն անձամբ է բարձրաձայնել:

Նաև Ալիևի ռեժիմի դեմ կոշտ մեթոդների մասին հարց հնչեց: Այդ հեռանկարին եվրոպացի նախարարն ընդհանրապես չանդրադարձավ: Արդար դատավարության ու պատշաճ վերաբերմունքի հարցը շեշտեց, վստահեցրեց՝ հարցը նաև Բաքվում կբարձրացնեն:

«Ընդհանրապես, մենք կարծում ենք, որ գերիները պետք է միջազգային չափանիշներին համապատասխան հավուր պատշաճի պաշտպանված լինեն և ունենան արդար դատավարության իրավունք: Նիդերլանդներն ու ԵՄ-ն կշարունակեն առաջ մղել այս հարցը, այն մեր ուշադրության կենտրոնում է», - հայտարարեց Կասպար Վելդկամպը։

Հայաստանն ու Նիդերլանդները ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին

Հայաստանն ու Նիդերլանդներն այսօր ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին: Միրզոյանի խոսքով՝ փաստաթուղթն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական ու տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության ու իրավունքի գերակայության խթանում: Մի կետ առանձնացրեց. - «Շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ՝ խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»։

Հոլանդացի նախարարը հստակեցրեց՝ փաստաթուղթը ռազմական համագործակցություն չի ենթադրում, ասաց՝ հայ գործընկերոջը վստահեցրել է, որ Նիդերլանդները պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական դիմակայունությանը՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու նպատակով՝ նաև աջակցելու ռուս կիբերհանցագործներից պաշտպանվելու հարցում: Վրաստանում ու Մոլդովայում ընտրությունների ժամանակ ռուսական ապատեղեկատվական արշավներ են տեսել:

«Ռիսկ կա, որ Հայաստանն էլ կարող է ապագայում թիրախավորվել՝ Հայաստանի և Ուկրաինայի ու այլ երկրների հարաբերությունները վնասելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դարձյալ լարվածություն հրահրելու նպատակով: Նիդերլանդները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ նաև կիբեր սպառնալիքների դեմ պայքարում, մասնավորապես, գիտենք, առջևում Հայաստանի խորհրդարանական ընտրություններն են», - հայտարարեց Վելդկամպը։

Ի դեպ, այսօր Երևանում պաշտոնապես բացվեց Նիդերլանդների դեսպանատունը:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG