Անկարան ակտիվացրել է ջանքերը Հարավային Կովկասում բարգավաճման և կայունության հասնելու համար, նախօրեին դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է ընթանում, ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի, Էրդողանն ասել է, որ անհամբեր սպասում են համաձայնության հասնելուն։
«Հաշվի առնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է ընթանում՝ մենք անհամբեր սպասում ենք համաձայնության հասնելուն, որը թույլ կտա տևական խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև», - ասել է Թուրքիայի ղեկավարը։
Փետրվարի վերջին Վիեննայում հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականները: Երևանը հաղորդեց, որ քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, կարևորվել է նաև տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը և տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Թուրքական կողմն արդյունավետ է գնահատել հանդիպումը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երեք տարի առաջ է մեկնարկել: Մինչ օրս Երևանի ու Անկարայի քաղաքական որևէ պայմանավորվածություն կյանքի չի կոչվել: Անկարայից չեն թաքցնում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանականի հետ, Էրդողանն էլ բազմիցս հայտարարել է, որ Անկարան լինելու է Բաքվի կողքին։
Հայկական կողմը նախորդ շաբաթ ստացել է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրումը: Երկու կետեր մնում են չհամաձայնեցված։ Կողմերը դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Բաքուն Երևանից պարբերաբար պահանջում է փոխել Սահմանադրությունը, իսկ Հայաստանի իշխանությունից հայտարարում են, թե Ադրբեջանն իրականում ցանկանում է խոչընդոտել նոր Սահմանադրության ընդունմանը: