Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ապաշրջափակման այն պայմանները, որոնք Երևանն առաջարկել է Բաքվին, պետք է նույնը լինեն, այսինքն՝ փոխադարձության սկզբունքը պետք է գործի: Փաշինյանը երեկ առանց բովանդակությունը գաղտնազերծելու պնդեց, թե դա ավելին է, քան առաջարկը: Առաջին փուլով հայկական կողմը փորձում է հասնել երկաթուղային բեռնափոխադրումների վերականգնմանը:
«Մենք առաջարկել ենք լուծում և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի այդ լուծմանը: Ես շատ վերլուծում եմ և ուզում եմ հասկանալ՝ իսկ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը բացասական արձագանքի այդ լուծման առաջարկին: Մի քիչ չեմ վերապահի ինձ Ադրբեջանի փոխարեն պատասխանել, բայց օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ դա մերժելու հիմքեր ուղղակի չկան», - լրագրողներին ասաց նա:
Բաքուն չորրորդ ամիսն է՝ չի պատասխանում Երևանից ստացած գրավոր առաջարկներին, ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտարարել են, թե դրանք «գործնական նշանակություն չունեն»: Այդուհանդերձ, վարչապետ Փաշինյանը դա չի համարում մերժում, ակնկալում են պաշտոնական առաջարկին պաշտոնական պատասխան ստանալ: Նիկոլ Փաշինյանը երեկ մանրամասնեց՝ այն պայմանները, որ Իրանն է տրամադրում Ադրբեջանին իր տարածքով, նույնը պատրաստ է տրամադրել նաև Հայաստանը, ավելին՝ հայկական կողմը պարզեցումների էլ պատրաստ է:
«Որովհետև նույն սկզբունքով մենք նույնպես խնդիր ունենք Երասխից Մեղրի երկաթուղային հաղորդակցություն ապահովել և փոխադարձության սկզբունքով պատրաստ ենք», - նշեց նա:
Հարցին, թե Բաքվի համար այս սկզբունքն ընդունելի՞ է, վարչապետը պատասխանեց, որ սպասում են պաշտոնական պատասխանի:
Երևանն ու Բաքուն չորրորդ տարին է՝ բանակցում են տարածաշրջանային հողարդակցությունների բացման շուրջ, բայց համաձայնության չեն հասնում: Ադրբեջանը այս տարիներին նույն պահանջն է հնչեցնում՝ առանց ստուգումների ճանապարհ դեպի իր էքսկլավ Նախիջևան: Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի գնահատմամբ՝ հայ պաշտոնյաները ինչքան էլ սպասեն, ակնհայտ է՝ Բաքուն հայկական առաջարկները մերժում է:
«Նույն այս տարիներին՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո բոլոր կոմունիկացիաների բացումը, ի վերջո, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում վերածվեց Մեղրիով ճանապարհի հարցի քննարկման, և ոչ թե Ղազախով երկաթուղու բացումն էր, որևէ այլ ճանապարհի բացումն էր, ամբողջը տեղափոխվեց Մեղրիի այդ երկաթուղու 41-42 կիլոմետրանոց հատվածի շահագործում, որի մասին այսօր շատ ակտիվ թուրքերն էլ են խոսում», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Լրացվում է