Խաղաղության օրակարգը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է, սակայն պետք է հասկանալ, որ դրա սպասարկումը հեշտ խնդիր չէ, այսօր ԱԳՆ-ում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական գերատեսչությունում մասնակցել է Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը:
«Կարծում եմ, որ մեր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը. եթե մենք դա որդեգրել ենք, նշանակում է դա համապատասխանում է Հայաստանի պետական շահերին, և հետևաբար մենք պետք է լուծենք մեր խնդիրը և դա անենք հենց իմ նշած բանաձևերի արդյունքում՝ աշխարհը, տարածաշրջանը, հարաբերությունները, մարտահրավերները, հնարավորությունները և սպառնալիքներն ավելի լավ և ավելի խորը ճանաչելու միջոցով», - ասել է վարչապետ Փաշինյանը:
Հայկական կողմը նախորդ շաբաթ ստացել է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրումը: Չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ Երևանն առաջարկներ էր արել, վարչապետը փոխանցել էր՝ դրանք մնում են չհամաձայնեցված:
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ կողմերը դեռևս չէին համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Բացի այդ, Բաքուն Երևանից պարբերաբար պահանջում է փոխել Սահմանադրությունը, իսկ Հայաստանի իշխանությունից հայտարարում են, թե Ադրբեջանն իրականում ցանկանում է խոչընդոտել նոր Սահմանադրության ընդունմանը:
Արտգործնախարարությունում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նաև նկատել է, որ ցանկացած բան, այդ թվում՝ արտաքին հարաբերություններում, ունի պատմական համատեքստ, և ունի նաև ապագայի համատեքստը: Այստեղ էլ, ըստ նրա,պետք է ճիշտ բալանսներ ձևավորվեն:
«Ճիշտ բալանս չի նշանակում ամեն ինչից հավասար չափով, որովհետև դա կախված է, թե որտեղ է հենման կետը...իսկ հենման կետն այսօր է, այսօրվա պահանջմունքները, այսօրվա պայմանները, այսօրվա սպառնալիքները և անհրաժեշտությունները»,- նշել է վարչապետը։