Բաքուն դեռ չի պատասխանել Երևանի՝ տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ մոտ 3 ամիս առաջ ներկայացրած առաջարկներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր միայն ասաց, թե բանավոր արձագանք եղել է, սակայն չբացահայտեց՝ Ադրբեջանի իշխանությունը բանավոր մերժե՞լ, թե՞ դրական է արձագանքել այդ առաջարկներին:
«Նրբությունները չեմ կարող բարձրաձայնել քանի դեռ տեսնում եմ հնարավորություն, որ Ադրբեջանը դա կընդունի, որովհետև հենց իմ բարձրաձայնելը կարող է առիթ դառնալ, ես ասացի, չէ՞, որ ես չեմ պատկերացնում ինչու պետք է մերժեն այդ առաջարկը, բարձրաձայնելը, մանրամասներ ներկայացնելը միակողմանիորեն կարող է առիթ դառնալ մերժման համար, մեզ մեղադրելու դիվանագիտական կոռեկտությունը խախտելու մեջ», - նշեց վարչապետը:
Այսօր հրավիրած ասուլիսում Փաշինյանը մանրամասնեց՝ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սկզբում երկաթուղային բեռնափոխադրումներ Սյունիքով։ Ընդ որում՝ նույն սկզբունքով հայկական կողմը պնդում է նաև երկաթուղային բեռնափոխադրումներ հնարավորություն Երասխից Մեղրի՝ Նախիջևանի տարածքով։
Դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում ՀՀ իրավազորության շրջանցումով. Փաշինյան
«Այն Բովանդակությունը, որը առաջարկել ենք, մեզ համար բացարձակապես ընդունելի որևէ բան չկա և լիարժեք համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում բարձրաձայնված սկզբունքներին, բայց համապատասխանում է նաև այն ակնկալիքներին, որոնք Ադրբեջանն է բարձրացնում։ Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանցումով», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, սակայն, իր 4.5 ժամ տևած ասուլիսում, չնայած մի քանի անգամ հնչած հարցին, այդպես էլ չհստակեցրեց, թե հայկական կողմը Սյունիքով դեպի Ադրբեջանի էքսկլավ Նախիջևան անցման կոնկրետ ի՞նչ ռեժիմ է առաջարկել, որն, ինչպես ձևակերպեց, համապատասխանում է նաև Բաքվի ակնկալիքներին։ Միայն ասաց, թե հայկական կողմը պատրաստ է որոշ պարզեցումների։
«Ադրբեջանը Իրանի տարածքով համարում է, որ խոչընդոտով է անցնո՞ւմ, չի համարում, չէ՞, հակառակ դեպքում չէր անցնի: Մենք ասում ենք՝ էն նույն պայմանները, ինչ Իրանի Իսլամական Հանրապետություն է առաջարկում, նույն պայմաններով մենք պատրաստ ենք: Ավելին՝ հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Հայաստանն էլ պետք է անցումներ.... մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:
Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանի օրենսդրությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը տարանցման համար չեն կարող խոչընդոտ համարվել։
Ադրբեջանի նախագահը բազմիցս պնդել, անգամ սպառնացել է Սյունիքով անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհի բացում դեպի Նախիջևան։ Իլհամ Ալիևը օրերս էլ հայտարարեց՝ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։
Հայկական կողմը չի կարող հրաժարվել անկլավների օրակարգից. Փաշինյան
Վարչապետն այսօր անդրադարձավ նաև սահմանազատման թեմային։ Ըստ նրա՝ կողմերի միջև դեռ պայմանավորվածություն չկա, թե Տավուշում կոնկրետ որ հատվածից և երբ է սկսվելու գործընթացը։ Հունվարի 16-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ։
Արդյոք Ադրբեջանը սահմանազատման այս փուլում բարձրացնո՞ւմ է նաև իր անկլավների՝ Բարխուդարլուի, Սոֆուլուի ու Վերին Ոսկեպարի հարցը: Փաշինյանն արձագանքեց, թե հայկական կողմն ինքը չի կարող հրաժարվել անկալվների օրակարգից՝ ցուցադրելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշենի ուրվագիծը։
«Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել: Այսինքն՝ այդ թեման, որ Ադրբեջանը բարձրացնո՞ւմ է արդյոք անկլավի թեմա, անկախ նրանից Ադրբեջանը բարձրացնում է, թե չի բարձրացնում, մենք ենք բարձրացնում, որովհետև եթե հիմա որոշենք, ուզենք, չենք կարող չբարձրացնել և այդ թեման անխուսափելիորեն լինելու է մեր քննարկումների տիրույթում», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն այսօր նաև չպարզաբանեց՝ ե՞րբ է Հայաստանը պատրաստ գնալու ղարաբաղյան կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, թե դրանից հետո։ Բաքվի տևական պահանջներից հետո Փաշինյանն ինքն էր առաջարկել խաղաղության ճանապարհին լուծարել եռանախագահության ձևաչափը:
«Մենք ասում ենք՝ սենց առաջարկ ենք արել, երբ այդ առաջարկին պատասխանը մեր ասած պարամետրերի հետ կապված մենք կունենանք արձագանք, էն ժամանակ կգանք և կասենք՝ մենք կարծում ենք, որ մեր լեգիտիմ ակնկալիքը ապահովված է, որովհետև Ա, Բ, Գ: Էս Ա-ն, Բ-ն, Գ-ն ինչ կլինեն, կարող է լինել խաղաղության պայմանագիր, այո, խաղաղության պայմանագիր կարող է լինել», - նշեց նա:
Խաղաղության պայմանագրի մասին
Գրեթե երեք տարի բանակցվող խաղաղության պայմանագրից, ի դեպ, այս պահին նորություն չկա։ Փաշինյանը հայտարարեց, թե փաստաթղթի 17-ից կետերից 2-ի շուրջ համաձայնություն դեռ ձեռք չեն բերել կողմերը։ Չհամաձայնեցված կետերից երկուսով էլ, ըստ Փաշինյանի, հայկական կողմը Բաքվին լուծումներ է առաջարկել. դրանցից մեկը միմյանց դեմ միջազգային հայցերը հետ կանչելուն է վերաբերում:
«Պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք որևէ բան հետ կանչում, այլև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, հակառակ դեպքում կարող է ստացվել իրավիճակ, որ մեքն մի հայց հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, բայց Ադրբեջանը հաջորդ փուլում կարող է երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ, - ասաց Փաշինյանը:
Իսկ սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ չտեղակայելու մասով ասաց՝ հայկական կողմն առաջարկում է, որ նրանք չլինեն հայ - ադրբեջանական սահմանի՝ սահմանազատված հատվածում։
Հայաստանի կողմից հայ - ադրբեջանական սահմանին պարեկություն իրականացնում է Եվրամիության դիտորդական առաքելությունը, որի տեղակայման ժամկետը օրերս ևս երկու տարով երկարաձգվեց: