Մատչելիության հղումներ

Ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկները Բաքուն որակել է «գործնական նշանակություն չունեցող». Երևանից արձագանքում են


Մինչ Երևանից սպասում են ապաշրջափակման առաջարկների շուրջ Բաքվի դրական արձագանքին, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է՝ «դրանք գործնական նշանակություն չունեն և հանգեցնում են թյուրիմացությունների»: Առաջարկները երեք ամիս առաջ էին ուղարկվել Բաքու, բայց մինչ օրս դրանց գրավոր չեն պատասխանել:

«Քանի դեռ չեն ասել, ոչ, կներեք, դա մեր համար անընդունելի չէ, եկեք էս տարբերակը փորձենք, մենք սպասում ենք պատասխանի», - ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ապաշրջափակման շուրջ հայկական առաջարկների բովանդակությունը Հայաստանի պաշտոնյաները չեն բացահայտում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում ասում էր՝ դրանք համապատասխանում են և՛ Երևանի, և՛ Բաքվի ակնկալիքներին:

Սիմոնյանը շեշտում է՝ պատրաստ են Բաքվին անխոչընդոտ ճանապարհ տրամադրել՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ

Ադրբեջանը առանց ստուգումների, անխոչընդոտ ճանապարհ է պահանջում Սյունիքով դեպի Նախիջևան՝ հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը:

Այսօր էլ այդ երկրի Արտգործնախարարությունից կրկին մեղադրել են Հայաստանին ստանձնած պարտավորություններից հրաժարվելու համար: Ազգային ժողովի նախագահը մինչդեռ շեշտում է՝ պատրաստ են Բաքվին անխոչընդոտ ճանապարհ տրամադրել՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ: Ընդ որում՝ Սիմոնյանն այսօր առաջին անգամ կոնկրետ տարբերակ ներկայացրեց:

«Միգուցե հնարավոր է տարբերակ, հաշվի առնելով, որ իրենք իրենց երկրի մի մասից մյուսն են գնում, այլ տարբերակով աշխատենք, օրինակ, տեղում չվճարի կառավարությանը, հետագայում այդ գումարը հաշվարկվի փոխանցվի: Կամ, ենթադրենք, եթե Պարսկաստանից դեպի Վրաստան գնացող բեռի համար պայմանական էդ կազմակերպության վրա նստում է 1000 դրամ, էս պարագայում, հաշվի առնելով, որ մի երկրից նույն երկիր է գնում, լինի 500 դրամ: Սրանք մանրուքներ են, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և քննարկել», - հայտարարեց Սիմոնյանը:

Հայաստանը կօգտվի՞ Ադրբեջանի ճանապարհից և Բաքուն համաձա՞յն է դրան

Արդյոք նույն կերպ էլ Հայաստանը կօգտվի՞ Ադրբեջանի ճանապարհից և Բաքուն համաձա՞յն է դրան. Ալեն Սիմոնյանը միայն ասաց, թե տրամաբանությունը հուշում է, որ այդպես պետք է լինի: Առաջարկեց ցանկացած դեպքում մի բան նկատի ունենալ՝ Բաքուն, անկախ ամեն ինչից, ստացած ճանապարհը միջանցք կկոչի:

«Ինչ ճանապարհ էլ լինի, մեր կողմից ամենալավ պատկերացրած, իրենց կողմից վատ պատկերացրած, իրենք դա անվանելու են միջանցք», - ընդգծեց ԱԺ նախագահը:

Տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը անցած տարվա օգոստոսին տարաձայնությունների պատճառով հանվեց խաղաղության պայմանագրից: Բայց դրա շուրջ Երևանը, Բաքուն և Մոսկվան պարբերաբար մեղադրանքներ են փոխանակում, թե ով և ինչպես է խախտում պայմանավորվածությունները:

Հայ-ադրբեջանա-ռուսական աշխատանքային խումբը, որ զբաղվում էր ճանապարհների բացման հարցով, տևական ժամանակ է՝ նիստեր չի անցկացնում։ Քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի միջև են, ըստ Ազգային ժողովի նախագահի, դրանք այժմ էլ շարունակվում են, բայց հայտնի չէ, թե ինչ ձևաչափով են և որ գերատեսչությունների միջև:

«Տարբեր ֆորմատներ և տարբեր խոսակցություններ կան, մենք կարող ենք խոսել բեռների տեղափոխման մասին, կարող է խոսք լինել քաղաքացիների տեղափոխման մասին, որոնք կուզենան մի կետից մյուս կետը տեղափոխվել, դրանց բոլորի հետ կապված Հայաստանի Հանրապետությունն առաջարկներ է ներկայացրել և բոլոր առաջարկների շուրջ պատրաստ է և քննակումների մեջ է», - ասաց ԱԺ նախագահը:

Ազգային ժողովին նախագահը չի կարծում, թե բանակցությունները փակուղում են

Հայաստանը չի ստացել նաև խաղաղության պայմանագրի շուրջ անցած տարվա նոյեմբերին Բաքվին փոխանցած առաջարկների պատասխանը: Այս ամիսներին երկու երկրների պաշտոնյաներն էլ չեն հանդիպել: Այդուհանդերձ, Ազգային ժողովին նախագահը չի կարծում, թե բանակցությունները փակուղում են:

Բայց Ադրբեջանի լռությունը Ալեն Սիմոնյանը մտահոգիչ է համարում, ենթադրում է՝ գուցե ռուս-ադրբեջանական լարվածությունն է պատճառը: Արդյոք խորհրդարանի խոսնակն ակնարկո՞ւմ է, որ ադրբեջանցիները խաղաղության բանակցվող փաստաթուղթը Մոսկվայի հե՞տ են քննարկում:

«Ես չեմ կարող ասել և նաև չեմ էլ կարող բացառել որևիցե բան, կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հասկանում է, որ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի ինքնիշխանության ապագան, անկախության ապագան և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու դրա ապագան փոխկապված են ու դա մեր ձեռքում է, և մենք այսօր պատմական շանս ունենք այդ հարցը մեկընդմիշտ լուծել», - ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

«Երկկողմ ձևաչափով էլ Երևանն ու Բաքուն կարող են հասնել պայմանագրի ստորագրման»

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրերին կրկին առաջարկում են հայ-ադրբեջանական բանակցություններում իրենց միջնորդությունը: Հնարավո՞ր է Երևանը վերանայի մոտեցումն ու ընդունի Մոսկվայի առաջարկը:

«Քիչ հավանական եմ համարում, բայց մենք յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում ենք և պատրաստ ենք քննարկել, բայց անցած փորձը վատ հուշեր է թողել», - նշեց նա:

Սիմոնյանը կարծում է՝ երկկողմ ձևաչափով էլ Երևանն ու Բաքուն կարող են հասնել պայմանագրի ստորագրման:

Ադրբեջանի արտգործնախարարության այսօրվա հայտարարության մեջ միայն մեղադրանքներ էին և պահանջներ: Սպառազինությունների վերահսկման Փաշինյանի առաջարկին ի պատասխան հայտարարել են՝ 30 տարի Հայաստանն է կոպտորեն խախտել սպառազինությունների վերահսկման մեխանիզմները: Հակառակ հավաստիացումներին պնդում են, թե Հայաստանը հարձակողական զենք է ձեռք բերում:

«Մի քանի հատ մեքենա ենք գնել, իրենք միլիարդներով զենք են գնում, մի քանի մեծ երկրի հետ պատերազմելու բավարար, ու մեզ մեղադրում են մի քանի զրահապատ մեքենա գնելու մեջ», - արձագանքեց Սիմոնյանը:

Ադրբեջանին զայրացրել է նաև Նիկոլ Փաշինյանի գնահատականը, թե Բաքվում հայերի «թատերականացված դատավարություններ են ընթանում», ակնկալում են, որ Հայաստանի վարչապետը ողջունի «պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունը»:

XS
SM
MD
LG