Հայաստանը շարունակում է հանդես գալ սպառազինությունների վերահսկման արդյունավետ ու համապարփակ ռեժիմի ամրապնդման օգտին, Զինաթափման համաժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ Հարավային Կովկասում թափանցիկության բարձրացման և վստահության ամրապնդման նպատակով՝ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։
«Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ», - ասել է Միրզոյանը։
Հրադադարի խախտումների մասին Բաքվի մեղադրանքների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի հունիսին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու առաջարկ արեց Բաքվին։ Այդ առաջարկը ողջունեց Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։
Տարբեր ժամանակներում նման մեխանիզմ ստեղծելու հայտարարություններ էլի են եղել, մինչև 44-օրյա պատերազմը ԵԱՀԿ ՄԽ-ի, ՄԱԿ-ի ԱԽ կողմից, պատերազմից հետո էլ Հայաստանի Ազգային անբվտանգությանծառայությունից է առաջարկ հնչել, Փաշինյանը նաև Պաշտպանության նախարարությանն էր հանձնարարել ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը։
Իսկ սպառազինությունների վերահսկման պայմանագիր ստորագրելու առաջարկ վարչապետն արել էր 2024-ի հունվարին, երբ դրանից օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ Բաքվին հուսալի երաշխիքներ են պետք, որ Հայաստանում ռևանշիստական միտումներ չեն լինի:
Նախօրեին Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Բաքվից ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ կապուղիների ապաշրջափակման և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմների վերաբերյալ առաջարկները, դեռ մնում են անպատասխան։
Տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ առաջարկները մոտ 3 ամիս առաջ էր Երևանը ներկայացրել Ադրբեջանին: