Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան Ազգային ժողովում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ քննարկում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ՔՊ կուսակցության վարչության անդամներ հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամները:
Ավելի վաղ ի պատասխան «Ազատության» հարցերին՝ արդյոք Արտգործնախարարությունը պատասխանե՞լ է խաղաղության պայմանագրի նախագծի ադրբեջանական առաջարկներին, և հայկական կողմը կվերանայի՞ երկու չհամաձայնեցված կետերի շուրջ դիրքորոշումը արտաքին գերատեսչությունից ասել էին՝ այս հարցերին դեռ չեն անդրադառնում:
Նախագծի 12-րդ խմբագրումը Բաքուն Երևան ուղարկեց մոտ 10 օր առաջ և այն ստանալուց երեքուկես ամիս անց՝ չընդունելով չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ Երևանի առաջարկները: Անցած շաբաթ վարչապետը, երեկ էլ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը տեղեկացրին՝ Բաքվին պատասխանելու ուղղությամբ հայկական կողմն աշխատում է:
«Նոր առաջարկները հիմա քննարկվում են, և հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանը կփորձի արդեն սեփական առաջարկով հանդես գալ և պատասխանել Ադրբեջանին», - ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելուն, մյուսը՝ սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն: Երկու կետերն էլ խաղաղության պայմանագրի նախագծում քննարկվում են Բաքվի առաջարկով: Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ նշել էր՝ պատրաստ են սահմանազատված հատվածներից հանել երրորդ երկրների ներկայացուցիչներին, ընդունելի էր համարել նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հայցերի հետ քաշումը՝ մի շեշտադրմամբ, որ դրանից հետո կողմերը նույն հարցերը չպետք է դարձնեն էսկալացիայի աղբյուր:
Չեմ բացառում, որ Հայաստանը պատրաստ կլինի առանց որևէ նախապայմանի հայցերը հետ քաշել. Գրիգորյան
Եթե Եվրամիության դիտորդներին սահմաններից հանելու հարցում իշխանության հետքայլը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը քիչ հավանական է համարում, ապա հայցերը հետ քաշելու դեպքում՝ հակառակը. «Ադրբեջանի կողմից ճնշումների դեպքում ես չեմ բացառում, որ Հայաստանը պատրաստ կլինի առանց որևէ նախապայմանի հայցերը հետ քաշել միջազգային իրավական կառույցներից, բայց կարծում եմ՝ առնվազն փորձելու են պահպանել փոխադարձության սկզբունքը»:
Որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում հնարավոր է Երևանը նոր մոտեցումներով հանդես գա, այս շաբաթասկզբին ակնարկեց Ազգային ժողովի նախագահը:
Օրերս պաշտոնից հեռացավ Բաքվի դեմ Երևանի հայցերը միջազգային ատյաններում ներկայացրած Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Հայցերը հետ կանչելու հարցում Կիրակոսյանը իշխանության տեսակետը, ըստ էության, չէր կիսում: Երկու ամիս առաջ «Ազատությանն» ասել էր՝ իրավական վեճերը ոչ թե խանգարում, այլ հակառակը՝ կարող են նպաստել խաղաղության հաստատմանը: Պաշտոնը լքելու մասին Կիրակոսյանը երեկ խոսեց՝ առանց այս թեմային անդրադառնալու: Իշխանությունն էլ վստահեցնում է, թե այդ երկու գործընթացները միմյանց հետ կապ չունեն:
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյան, մինչդեռ, կարծում է՝ Կիրակոսյանի հեռանալը կապ ունի հայցերը հետ քաշելու հարցի հետ. «Այդ անհամաձայնությունն առկա էր վերջին ամիսների ընթացքում»:
Երևանի և Բաքվի միջև բանակցվող փաստաթղթի 17 կետերից 15-ի համաձայնեցման մասին կողմերը դեռ անցած տարի հայտնեցին: Հայ պաշտոնյաներն այդ փուլում առաջարկում էին խաղաղության պայմանագիր ստորագրել համաձայնեցված հոդվածներով՝ չհամաձայնեցվածների շուրջ քննարկումը թողնելով ապագային: Բաքուն մերժեց, կողմերը շարունակեցին չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքը: Այժմ քննարկումներն այդ հարցերի շուրջ են, բայց առանց բանակցողների դեմ առ դեմ հանդիպումների: