Մատչելիության հղումներ

Ընդդիմությունից հորդորում են իշխանությանը հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մտադրությունից


Ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր վերականգնման պայմաններում խորհրդարանական ընդդիմության շարքերից վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորում են հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մտադրությունից:

Ավելի քան երեք տասնամյակ առաջ ստեղծված խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղված միակ ձևաչափն է:

«Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանը, որ մինչ այս էլ անընդունելի էր համարում Երևանի դիրքորոշումը, այսօր պնդեց. - «Ինչպես մենք տեսնում ենք, իրավիճակը փոխվում է, կան տենդենցներ, և իրավիճակի փոփոխությունը դաշնակիցներին կարող է դարձնել թշնամիներ, թշնամիներին կարող է դարձնել դաշնակիցներ, և արցախյան հարցը մեծ հավանականությամբ հմուտ դիվանագիտության պայմաններում կարող է վերադառնալ միջազգային քաղաքական օրակարգեր: Մինսկի խումբը թերևս լավագույն ձևաչափն է այդ հարցը քննարկելու համար»:

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի եռանախագահությամբ գործած Մինսկի խումբն ամեն գնով պահելու անհրաժեշտությունից երկու օր առաջ խոսեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Հայաստան» դաշինքի ղեկավարի գնահատմամբ՝ նոր ֆորմատ ձևավորելը դժվար կլինի, եղածը պետք է պահել: Այս գաղափարը ՔՊ-ականների սրտով չէ:

«Դե եկեք սպասենք, տեսնենք ում հետ ինչ է լինում, մեր դարդերը թողնենք, մեր խաղաղության հաստատումը թողնենք, տեսնենք որ աշխարհաքաղաքական կենտրոնը որի հետ երբ կբարիշի, երբ հարաբերությունները կսրվեն, իրանք իրար մեջ ինչ կկիսեն, ինչ չեն կիսի: Էդ ընթացքում մենք ապրենք տուրբուլենտ ժամանակաշրջանում ու տարածաշրջանում, ինչի՞ համար, որ հետո ինչ-որ մեկը ճակատներս պաչի՞», - ասաց ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

44-օրյա պատերազմից հետո Մինսկի խումբը լուծարելու պահանջ Բաքուն է ներկայացրել: Այժմ էլ Ադրբեջանից պնդում են, թե դա խաղաղության պայմանագրի կնքման նախապայմաններից է: Իլհամ Ալիևի պահանջն ընդունելի է նաև Հայաստանի վարչապետի համար: Ընդ որում՝ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասում էր, որ այդ քայլին պետք է գնան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, այժմ լուծարմանը համաձայն հայ պաշտոնյաները հստակ չեն նշում՝ հնարավո՞ր է լուծարմանը համաձայնեն մինչ պայմանագրի ստորագրումը:

Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Բաքուն փորձի արագացնել գործընթացը:

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը շատ լավ հասկանում է, որ փոփոխությունները կարող են Հայաստանի, հայ ժողովրդի, ներառյալ Արցախի հայերի համար հնարավորության պատուհան բացել: Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Նեթանյահուի հետ, հայտնի է, որ Ադրբեջանը և Իսրայելն ինչքան ջերմ դաշնակիցներ են, ու Իսրայելը ռազմական ու դիվանագիտական ինչ օգնություն է տրամադրում Ադրբեջանին, բացարձակապես չեմ կարող այդ հանգամանքը բացառել: Դրա համար Փաշինյանը ճիշտ կանի սահմանների անվտանգության մասին մտածի», - ասաց Խաչատրյանը:

Իշխող կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը չի հասկանում՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի, ինչո՞ւ պետք է հրաժարվեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մտադրությունից:

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն խաղաղության հաստատման, այդ պարագայում Մինսկի խմբի չլուծարումն առնվազն տարօրինակ կլինի», - նշեց ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Եթե իշխանականները խոսում են խաղաղության հաստատման դեպքում եռանախագահության լուծարումից, ապա մերձիշխանական շրջանակներն ավելի հեռուն են գնում՝ պնդելով, թե երեք տասնամյակից ավելի ղարաբաղյան հարցով զբաղված եռանախագահության ձևաչափի լուծարումը հենց Հայաստանին է պետք:

Իսկ այս ամենին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի՝ մոտ մեկ տարի առաջ արած մեկ այլ հայտարարություն, որով կառավարության ղեկավարը նախ ընդգծում էր Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատերազմի փաստը, ապա կասկածի տակ դնում Մինսկի խմբի արդյունավետությունը. - «ԵԱՀԿ մինսկի խումբը էդ ինչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն Հայաստանի Հանրապետության վրա»:

Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո գործող իշխանությունը Մինսկի խմբի լուծարման հարցում հետքայլ չի անի:

«Իշխանությունն ամեն ինչ անելու է ադրբեջանական պայմաններն ընդունելու և այդ ֆորմատը պարզապես վերացնելու համար: Եթե Հայաստանում իշխանությունը փոփոխվի ու իշխանության գան ուժեր, որոնք գիտակցում են, որ Արցախի հարցը գոյություն ունի ու այդ հարցը, ինչպես արդեն նշեցի, սկսվում է արցախցիների իրավունքների պաշտպանությամբ ու վերականգնմամբ, բնականաբար, պետք է լինի ֆորմատ, որտեղ ամենատարբեր հարցերը պետք է դառնան քննարկումների կամ բանակցությունների առարկա», - ասաց Աբրահամյանը:

Արցախահայերի վերադարձի հարցը հայ - ադրբեջանական բանակցություններում չի քննարկվում, վարչապետն ու թիմակիցները պարբերաբար են ընդգծում՝ իրենց գլխավոր խնդիրը Հայաստանի անվտանգության ապահովումն է:

XS
SM
MD
LG