Մատչելիության հղումներ

Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, բայց մյուս առաջարկներինը՝ ոչ


Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, «Ազատությանը» փոխանցեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

«Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», - նշեց նա:

Դեռ կեսօրին փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ Բաքվից պատասխան դեռ չեն ստացել: Հովհաննիսյանը հիշեցրել էր, որ Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ հերթական առաջարկները՝ իր տեսակետները ներկայացնելով ընդամենը երկու չհամաձայնեցված հոդվածների շուրջ։

Տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ առաջարկները մոտ 3 ամիս առաջ էին ներկայացվել Ադրբեջանին: Իր վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանը մանրամասնեց՝ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սկզբում երկաթուղային բեռնափոխադրումներ Սյունիքով։ Ընդ որում՝ նույն սկզբունքով հայկական կողմը պնդում է նաև երկաթուղային բեռնափոխադրումների հնարավորություն Երասխից Մեղրի՝ Նախիջևանի տարածքով։

Ադրբեջանի նախագահը բազմիցս պնդել, անգամ սպառնացել է Սյունիքով անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհի բացում դեպի Նախիջևան։ Նաև հայտարարել է՝ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է՝ միջանցքային տրամաբանությունը մերժում է:

XS
SM
MD
LG