Մատչելիության հղումներ

Մոսկվան Երևանին զգուշացնում է՝ «չդառնալ աշխարհաքաղաքական խաղերի գերի»


Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր բաց տեքստով և առանց դիվանագիտական ձևակերպումների զգուշացրեց Երևանին «չդառնալ աշխարհաքաղաքական խաղերի գերի»։

Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ պատրաստվել են փոխել արտաքին քաղաքական կուրսը՝ շրջադարձ անելով Ռուսաստանից դեպի Արևմուտք, պնդում է արտաքին գերատեսչության այսօրվա հայտարարությունը։

«Մենք համոզված ենք, որ երևանյան ղեկավարությունը հսկայական սխալ է գործում՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ ու դարավոր կապերը և երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդ», - նշում է ՌԴ ԱԳՆ-ը։

«Արցախյան աղետի մեջ մեղավոր են Հայաստանը և Արևմուտքը»․ սա այն թեզն է, որն այս օրերին պաշտոնական Մոսկվան հնչեցնում է բոլոր հարթակներից։

Արտգործնախարարությունն իր հերթին պնդել է, թե 44-օրյա պատերազմից հետո ստորագրված փաստաթղթից բացի եղել է «ջենթլմենական համաձայնություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գալիք սերունդներին թողնելու մասին, սակայն պաշտոնական Երևանը տեղի է տվել Արևմուտքի հորդորներին, ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»։

«Սա հիմնովին փոխեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման պայմանները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դրությունը», - պնդում է Մոսկվան։

Ծավալուն հայտարարության մեջ Արտգործնախարարությունը մի շարք մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի վարչապետի ու իշխանությունների հասցեին, անգամ պնդում, թե իրավիճակը սրվել է, քանի որ Երևանը հետևողականորեն հերքել է հայկական զինված ուժերի ներկայության փաստը Լեռնային Ղարաբաղում։ Պաշտոնական Երևանը հակադարձում է՝ Արցախում չի եղել հայաստանյան որևէ ստորաբաժանում, Ղարաբաղի ճակատագիրը ապագային թողնելու առաջարկը մերժել է Բաքուն, Մոսկվան էլ քայլեր չի ձեռնարկել այն կյանքի կոչելու ուղղությամբ։

Երեկ Հայաստանի վարչապետը էլ ավելի էր կոշտացրել քննադատությունը ռազմավարական դաշնակցի հասցեին, պնդելով, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։

«2020թ. դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Խծաբերդի և Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա՝ լրջագույն հարցեր են բարձրացնում նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների և մոտիվների մասին», - նշել է Փաշինյանը:

Ի պատասխան Կրեմլից այսօր հայտարարել են, թե Ռուսաստանը չի ընդունում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հասցեին նախատինքները:

«Մենք հասկանում ենք այս պահի զգացմունքային ինտենսիվությունը, բայց կտրականապես համաձայն չենք ռուսական կողմի կամ, հատկապես, ռուս խաղաղապահների վրա պատասխանատվությունը դնելու փորձի հետ», - նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Չնայած այս օրերին ռուսական բոլոր հնարավոր, այդ թվում՝ պաշտոնական հարթակներից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող կոշտ հայտարարություններին, Մոսկվան միաժամանակ գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում է պնդել, թե Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և Մոսկվան երկխոսության մեջ է Փաշինյանի հետ։

Ավելին, անցած մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Պուտինի խոսնակը թափանցիկ ակնարկ է արել, թե Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում․ «Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, շարունակելու ենք երկխոսությունը թե՛ հայկական կողմի, թե՛ Փաշինյանի հետ։ Եվ մենք կշարունակենք աշխատել, որպեսզի հարգվեն Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքները»։

Այս պահի դրությամբ վեց հազարից ավելի հայ է դուրս եկել արդեն Արցախից, և եթե այդ հոսքը կանգ չառնի, մի քանի օրից այնտեղ հայ չի մնա։ Ըստ այդմ հարց է առաջանում՝ ո՞ւմ անվտանգությունն են ռուսներն ապահովելու։ Առայժմ Կրեմլն այս մասին չի խոսում։ Պեսկովը, մասնավորապես, այսօր խուսափել է կոնկրետ պատասխան տալ հարցին՝ Բաքվի վերջին ռազմական գործողություններից հետո կմնա՞ն ռուսները Ղարաբաղում և եթե՝ այո, որքա՞ն։

Ադրբեջանական ընդդիմությունը պնդում է, թե Բաքուն ու Մոսկվան պատրաստվում են նոր՝ արդեն երկկողմ համաձայնագիր ստորագրել՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի վերաբերյալ։ Ալիևին մոտ կանգնած աղբյուրներից մեկը «Ազատության» ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ այդ փաստաթղթի մանրամասները կհրապարակվեն մոտ ապագայում։ Չի բացառվում, որ այսօր այդ հարցը քննարկվի նաև Նախիջևանում՝ Ալիև-էրդողան հանդիպմանը։

Կրեմլը ամեն դեպքում այսօր հայտարարել է, թե հույս ունի, որ այդ հանդիպումը կնպաստի «խաղաղությանը Հարավային Կովկասում»։

Անկարան ավելի վաղ առաջարկել էր Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների քառակողմ հանդիպում կազմակերպել։ Մոսկվան դեռ չի հայտարարել՝ Կրեմլի համար ընդունելի՞ է այդ առաջարկը, թե՝ ոչ։

Այս օրերին, սակայն, Ռուսաստանում առիթը բաց չեն թողնում քննադատելու արևմտյան միջնորդական փորձերը։ Այսօր էլ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հոկտեմբերի 5-ին Գրենադայում սպասվող հանդիպումը, Կրեմլի խոսնակն ասել է, որ կարելի ողջունել ցանկացած միջամտություն, որը կարող է նվազեցնել լարվածությունը, միաժամանակ շեշտել՝ պետք է խուսափել երրորդ երկրներից, որոնք փորձում են հաստատվել Հարավային Կովկասում՝ չունենալով առկա հակամարտությունները կարգավորելու միջնորդական ներուժ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG