Մատչելիության հղումներ

Մոսկվայի պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները վնասող հայտարարություններ են անում


Ռուսաստան, Մոսկվա, Կրեմլ, արխիվ
Ռուսաստան, Մոսկվա, Կրեմլ, արխիվ

Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները վնասող հայտարարություններ են անում, և Մոսկվան շուտով կարձագանքի դրանց, այսօր պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իհարկե, Մոսկվան ուշադրությամբ լսել է մի շարք հայտարարություններ, որոնք առաջին հերթին չեն համապատասխանում իրականությանը և որոնք հակասում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հայտարարություններ, որոնք արվել են վարչապետի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից: Սրա մանրամասն պատասխանը կտրվի մոտ ապագայում», - ասել է Զախարովան:

Երեկ Հայաստանի վարչապետը է՛լ ավելի կոշտացրեց քննադատությունը ռազմավարական դաշնակցի հասցեին, պնդելով, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։

«2020 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Խծաբերդի և Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա՝ լրջագույն հարցեր են բարձրացնում նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների և մոտիվների մասին», - մասնավորապես հայտարարեց Փաշինյանը:

Ի պատասխան, Կրեմլից այսօր հայտարարել են, թե Ռուսաստանը չի ընդունում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հասցեին նախատինքները:

«Մենք հասկանում ենք այս պահի զգացմունքային ինտենսիվությունը, բայց կտրականապես համաձայն չենք ռուսական կողմի կամ հատկապես ռուս խաղաղապահների վրա պատասխանատվությունը դնելու փորձին։ Ռուս խաղապահներն իրական հերոսություն են ցուցաբերում իրենց գործառույթներն իրենց մանդատի համաձայն կատարելիս», - նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Չնայած այս օրերին ռուսական բոլոր հնարավոր, այդ թվում՝ պաշտոնական հարթակներից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող կոշտ հայտարարություններին, Մոսկվան միաժամանակ գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում է պնդել, թե Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, և Մոսկվան երկխոսության մեջ է Փաշինյանի հետ։ Ավելին, անցած մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Պուտինի խոսնակը թափանցիկ ակնարկ է արել, թե Ռուսաստանում շատ ավելի շատ հայ է ապրում, քան՝ Հայաստանում:

«Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, շարունակելու ենք երկխոսությունը թե՛ հայկական կողմի, թե՛ Փաշինյանի հետ։ Եվ մենք կշարունակենք աշխատել, որպեսզի հարգվեն Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքները», - ասել է Պեսկովը:

Այս պահի դրությամբ 5 հազարից ավելի հայ է դուրս եկել արդեն Արցախից, և եթե այդ հոսքը կանգ չառնի, մի քանի օրից այնտեղ հայ չի մնա։ Ըստ այդմ, հարց է առաջանում՝ ո՞ւմ անվտանգությունն են ռուսներն ապահովելու։ Առայժմ Կրեմլն այս մասին չի խոսում։

Պեսկովը, մասնավորապես, այսօր խուսափել է կոնկրետ պատասխան տալ հարցին՝ Բաքվի վերջին ռազմական գործողություններից հետո կմնա՞ն ռուսները Ղարաբաղում, և եթե այո՝ որքա՞ն։

Ադրբեջանական ընդդիմությունը պնդում է, թե Բաքուն ու Մոսկվան պատրաստվում են նոր՝ արդեն երկկողմ համաձայնագիր ստորագրել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի վերաբերյալ։ Ալիևին մոտ կանգնած աղբյուրներից մեկը «Ազատության» ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ այդ փաստաթղթի մանրամասները կհրապարակվեն մոտ ապագայում։ Չի բացառվում, որ այսօր այդ հարցը քննարկվի նաև Նախիջևանում՝ Ալիև-Էրդողան հանդիպմանը։ Կրեմլը, ամեն դեպքում, այսօր հայտարարել է, թե հույս ունի, որ այդ հանդիպումը կնպաստի «խաղաղությանը Հարավային Կովկասում»։

Անկարան ավելի վաղ առաջարկել էր Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում կազմակերպել ։Մոսկվան դեռ չի հայտարարել՝ Կրեմլի համար ընդունելի՞ է այդ առաջարկը, թե՞՝ ոչ։

Այս օրերին, սակայն, Ռուսաստանում առիթը բաց չեն թողնում՝ քննադատելու արևմտյան միջնորդական փորձերը։

Այսօր էլ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող հանդիպումը, Կրեմլի խոսնակն ասել է, թե կարելի է ողջունել ցանկացած միջամտություն, որը կարող է նվազեցնել լարվածությունը, միաժամանակ շեշտել՝ «պետք է խուսափել երրորդ երկրներից, որոնք փորձում են հաստատվել Հարավային Կովկասում՝ չունենալով առկա համարտությունները կարգավորելու միջնորդական ներուժ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG